Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին ՀՀ-ն կլինի ցիկլոնի ազդեցության գոտում՝ ձյուն կգա

Հունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին ՀՀ-ն կլինի ցիկլոնի ազդեցության գոտում՝ ձյուն կգա

9 հունվարի 2026 – 11:55 AMT

PanARMENIAN.NetՀունվարի 9-ի կեսօրից հետո և հունվարի 10-ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին մարզերում՝ քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 5 օրերին էապես չի փոխվի, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Երևանում հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՊՈԱԿ-ի ղեկավար Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան:

«Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 12-19-ը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճան: Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF)»,-գրել է նա:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր հերթին գրել է, որ հունվարի 3-ի համեմատ՝ վերջին երկու օրերին գիշերվա ժամերին ՀՀ տարածքում դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում։

Ըստ Սուրենյանի՝ օդի ջերմաստիճանի բարձրացումը կազմել է մոտ 16-20 աստիճան, իսկ հանրապետության որոշ հատվածներում նույնիսկ արձանագրվել է 25-30 աստիճանով բարձրացում։

Այսպես, հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ․ Շիրակում դիտվել է -21․․․ -37, հունվարի 8-ին՝ -2․․․-4 աստիճան ցուրտ, Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, հունվարի 8-ին՝ +4․․․+7 աստիճան տաքություն, Տավուշում՝ -10․․․-17 աստիճան ցուրտ, հունվարի 8-ին՝ +4․․․+6 աստիճան տաքություն, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում՝ -24․․․-28 աստիճան ցուրտ, հունվարի 8-ին՝ 0․․․-4, Գեղարքունիքում՝ -14․․․-26 աստիճան ցուրտ, հունվարի 8-ին՝ +2․․․+5 աստիճան տաքություն, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում՝ -12․․․-15, հունվարի 8-ին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում՝ -13․․․-18, հունվարի 8-ին՝ -2․․․-4 աստիճան ցուրտ, Վայց Ձորում՝ -11․․․-16, հունվարի 8-ին՝ 0․․․-2 աստիճան ցուրտ, Սյունիքի նախալեռներում՝ -10․․․-15 աստիճան ցուրտ, հունվարի 8-ին՝ +8․․․+12 աստիճան տաքություն, Սյունիքի հովիտներում՝ -2․․․-5 աստիճան ցուրտ, հունվարի 8-ին՝ +4․․․+7 աստիճան տաքություն։ Երևանի ցածրադիր գոտում հունվարի 3-ի գիշերը գրանցվել է -16․․․-18, հունվարի 8-ին՝ -2․․․-4 աստիճան ցուրտ։

Leave a Comment