9 հունվարի 2026 – 11:25 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ակնկալվում է բենզինի և դիզելի գների նվազում մինչև 80 դրամով, ինչը պայմանավորված է ադրբեջանական նավթամթերքի հերթական խմբաքանակի ներմուծմամբ։
«2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։
2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։
Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։
Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ:
Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»Լ
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։