Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «110 ք/կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 ք/կմ նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք…», — ասել էր նա։
ՀՀ ԱԺ խոսնակը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի խոսում էր այլ տարածքների մասին։
Sputnik Արմենիան գրություն էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին հետևյալ հարցերով:
1. Ո՞վ / ո՞ր կառույցն է իրականացրել հաշվարկը։
2. Արդյոք հաշվարկը կատարվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թթ. քարտեզների հիման վրա (որոնցով սահմանազատում է կատարվում), թե՞ հաշվի է առնվել Google-ի քարտեզում նշված սահմանը։
«Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,– հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման ՀՀ հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։