9 հունվարի 2026 – 11:00 AMT
PanARMENIAN.Net – «Mega Trade» ընկերության տնօրեն Կարեն Այրիյանը հայտնել է, որ Վրաստանը որոշում է կայացրել վճար սահմանել Ադրբեջանից Հայաստան ներկրվող բենզինի երկրորդ տարանցման համար։
Նրա խոսքով՝ առաջիկա ներմուծման ընթացքում Ադրբեջանից Հայաստան կբերվի ոչ միայն Premium տեսակի, այլ նաև Regular տեսակի բենզին։ Ներմուծումն իրականացվելու է Վրաստանի տարածքով տարանցման միջոցով, ինչի համար այս անգամ կգանձվի համապատասխան վճար, հայտնում է Auroranews.am-ը:
Այրիյանը նշել է, որ տարանցման վճարի կիրառումը էական ազդեցություն չի ունենա վառելիքի վերջնական գնի վրա։ Նրա գնահատմամբ՝ բենզինի գնի ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն ունեն արտարժույթի փոխարժեքների տատանումները և համաշխարհային շուկաներում նավթամթերքների գները։
Ադրբեջանական բենզինի հիմնական ներմուծողները Հայաստանի շուկայում «Mega Trade» և «Shisha World» ընկերություններն են։ Ըստ աղբյուրների՝ առաջին տարանցման ընթացքում Վրաստանը ադրբեջանական վառելիքի տեղափոխման համար վճար չէր գանձել։
Ավելի վաղ ադրբեջանական բենզինի ներմուծման հարցին է անդրադարձել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով․ «Բենզինի ձեռքբերումը, որքան հասկանում եմ, շատ շահավետ է ՀՀ քաղաքացիների համար։ Ես տեսա, որ բոյոկոտի կոչեր կան, բայց իմացա, որ նաև հերթեր կան այդ բենզինի համար»Լ
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը Հայաստանին էժան բենզին տալիս, Միրզոյանը պատասխանել է․ «Որովհետև խաղաղությունը հաստատված է և համագործակցություն պետք է ձևավորվի, և մեր տարածքով էլ պետք է անցնեն Ադրբեջանի և Թուրքիայի բեռներ, և մենք պետք է իրենց տարածքով անցնենք»։
Դեկտեմբերի 19-ին Հայաստան է մտել Ադրբեջանի Socar ընկերության բենզինով բեռնված 22 վագոնից կազմված գնացքը։