Անբավարար ջրային ռեսուրսները և գյուղատնտեսական ցածր բերքատվությունը մի շարք բնակավայրերում (Գեղադիր, Մայակովսկի, Գետամեջ, Ջրաբեր, Ձորաղբյուր) հանգեցրել են ոլորտում զբաղված ֆերմերների թվի շուրջ 51%-ով կրճատմանը։ Ստեղծված իրավիճակում ֆերմերները ստիպված են աշխատանք փնտրել բնակավայրից դուրս՝ մայրաքաղաքում կամ արտերկրում՝ ընտանիքի հոգսերը հոգալու համար։
Բացի տնտեսական վնասներից, խմելու ջրի անբավարար քանակը սպառնում է նաև բնակչության առողջությանը՝ դառնալով աղիքային հիվանդությունների տարածման պատճառ։ Բերքատվության անկումն իր հերթին ուղղակիորեն հարվածում է երկրի պարենային անվտանգությանը։

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն այս ուսումնասիրություններն իրականացրել է «Հայաստանում ժողովրդավարական մասնակցության և կլիմայական առումով խելացի գյուղատնտեսության խթանում» ծրագրի շրջանակում։ Կազմակերպության փորձագետ Քնարիկ Գրիգորյանը մանրամասնում է, որ կարիքների գնահատումից հետո գյուղացիներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սակայն առանցքային տեղ է հատկացվել գիտելիքների փոխանցմանը։
Եղանակային անոմալիաների պատճառով ֆերմերների 32%-ը նշում է ֆինանսական գերածախսի մասին։ Ոռոգման համակարգերի ձեռքբերման, էլեկտրաէներգիայի, վնասատուների դեմ պայքարի և հողի պարարտացման ծախսերն ավելանում են, ինչի հետևանքով շահույթը կտրուկ նվազում է։



Եկամուտների կրճատման մյուս պատճառը շուկայական անհավասար մրցակցությունն է տեղական մթերքի և ներկրված էժանագին ապրանքների միջև։ Արդյունքում՝ ֆերմերների 70%-ը ստիպված է լինում բերքը վաճառել ինքնարժեքից ցածր գնով։ Այս խնդիրների հաղթահարման նպատակով Կոտայքի և Լոռու մարզերի շուրջ 24 բնակավայրերում անցկացվել են սեմինարներ՝ նվիրված «խելացի» գյուղատնտեսության վարմանը և վնասատուների դեմ ինտեգրացված պայքարին։
Ծրագրի արդյունքներն ամփոփվեցին դեկտեմբերի վերջին։ Միջոցառման ավարտին մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկները՝ ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներդրման և կանանց դերի բարձրացման վերաբերյալ։