ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հաստատել, որ Իրանում Միացյալ Նահանգների նպատակը երկրի կառավարության փլուզումն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դե, ես չեմ ուզում դա ուղիղ ասել, բայց ձեզ կասեմ ՝ նրանց գործերը լավ չեն ընթանում», – ասել Է Թրամփը ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակը Իրանում կառավարության փլուզումն է:
Բողոքի ցույցերի հիմնական թեման փոխարժեքի կտրուկ տատանումներն են և դրանց ազդեցությունը մեծածախ և մանրածախ գների վրա:
Սոցցանցերում հայտնվել են Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութեր։ Այս ֆոնին հրաժարական է տվել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը։ Նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են Իրանում ներկայիս քաղաքական կարգի դեմ կարգախոսներով:
Հաղորդվում է, որ կան զոհեր ինչպես ուժայինների, այնպես էլ ցուցարարների շրջանում։
Իրանն ապրում է գնաճի բարձր մակարդակի ժամանակաշրջան (իրանական ԿԲ-ի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38,9 տոկոսի), ռիալը սրընթաց թուլանում է։