Եկեղեցու դեմ գործընթացը հակասահմանադրական է․ Գոհար Մելոյան – 5tv

Այսօր Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե եկեղեցու դեմ իր գործողություններով սահմանադրական կարգ չի խախտում։

Սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը Aysor.am-ի հետ զրույցում հակառակն է պնդում՝ ընդգծելով՝  ամբողջ այս գործընթացն է հակասահմանադրական։  

«Եթե Փաշինյանը հայտարարում է, որ իր գործողությունները Սահմանադրության տրամաբանության մեջ են,  ապա հարկ է հիշեցնել, որ Սահմանադրության 6-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքով։ Թող ներկայացնի գեթ մեկ կետ, որտեղ  սևը սպիտակի վրա գրված է,  որ վարչապետն  իրավունք ունի միջամտելու Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին։  Հակառակ դրան, ես հղում եմ անում ոչ միայն Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ օրինականության սկզբունքին, այլև Սահմանադրության 18-րդ հոդվածին, որը վերաբերում է Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ կարգավիճակին,  հոդվածում նաև հղում է արվում «Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները կարգավորող» օրենքին, որով հստակ սահմանված է, որ պետությունն իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ պատրաստվում է   միջամտելու և,  իր բառերով ասած, «բարենորոգելու» եկեղեցական հարաբերությունները, ստորագրված և արված է հենց վարչապետի կարգավիճակով»,-ասել է Մելոյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը «կամրջում է  քաղաքացու ինստիտուտը վարչապետի ինստիտուտի հետ, եկեղեցու ինստիտուտի հետ», սահմանադրագետը նշել է․

«Այն, ինչ անում է Փաշինյանը,  իրավասու չէ անել ո՛չ որպես  քաղաքացի, ոչ էլ, առավել ևս, որպես վարչապետ։ Ընդհակառակը՝ վարչապետի կարգավիճակում նա առավել  կաշկանդված է օրենքով, քանի որ  պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչն օրենքը նրան  թույլ է տալիս, իսկ  որևէ օրենք նրան նման վարքագիծ դրսևորելու հնարավորություն չի տալիս։ Ավելին՝ այս ամենաթողությունն առաջին դեպքը չէ, որ տվյալ պաշտոնատար անձը իրեն թույլ է տալիս։ Մենք արդեն ունեցել ենք նախադեպեր,  երբ նրա կոչով շրջափակվել են դատարաններ,  շրջափակվել է օրենսդիր մարմինը, երբ Սահմանադրական դատարանի նկատմամբ իրականացվել են հետապնդումներ,  տարբեր դատավորներ  ոչ ցանկալի դատական ակտեր կայացնելու արդյունքում  ենթարկվել են ճնշումների՝ ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցում։ Այս բոլոր գործողությունները ոչ մի կերպ չեն բխել նրա սահմանադրական կամ օրենսդրական լիազորություններից։ Իրավական նորմալ պետությունում նման գործողությունները պետք է ունենան հստակ իրավական հետևանքներ։ Հենց այդ հետևանքների բացակայությունն է, որ   ձևավորել է այդ հանցավոր ինքնավստահությունը և նրան հնարավորություն տվել  դրսևորելու նման վարքագիծ»։ 

Leave a Comment