Անկախիկ գործարքներով հետվճարի համակարգը ներդրվել է 2022 թվականի կեսին և մի քանի նպատակ է հետապնդում, նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը։ Նրա խոսքով՝ նախ և առաջ համակարգը հնարավորություն է տալիս կենսաթոշակառուներին և նպաստառուներին իրենց վարքագծի փոփոխության արդյունքում բարձրացնել կենսաթոշակի կամ նպաստի չափը։ Iravaban.net-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նախարարի տեղակալը կարևորեց նաև ծրագրի տնտեսական ազդեցությունը՝ ընդգծելով, որ անկանխիկ գործարքները ամբողջությամբ թափանցիկ են։ Նրա խոսքով՝ դա հնարավորություն է տալիս բացահայտել որոշակի ստվերային դրսևորումներ, քանի որ շահառուների կողմից իրականացվող բոլոր գործարքները դառնում են տեսանելի, ինչի արդյունքում գեներացվում են բյուջետային մուտքեր հարկերի տեսքով, որոնք հետագայում վերադարձվում են շահառուներին։
Նրա խոսքով՝ համակարգը գործում է ամբողջությամբ թափանցիկ դաշտում․ բոլոր անկանխիկ գործարքները տեսանելի են պետական եկամուտների կոմիտեի համար։ Երբ գործարքը կատարվում է, գեներացվում է հաշվիչ դրամարկղային մեքենայի կտրոնը, իսկ բանկային քարտային պրոցեսինգային համակարգի միջոցով գործարքները ստանում են համապատասխան արձանագրումներ և ամբողջությամբ արտացոլվում են հաշվետվողականության շրջանակում։
Նախարարի տեղակալը նշեց, որ հետվճարի ծրագրից օգտվում են բոլոր այն քաղաքացիները, ովքեր պետությունից ստանում են պարբերական վճարներ՝ կենսաթոշակների և նպաստների տեսքով։ Նրա խոսքով՝ Ղարաբաղից տեղահանված հայրենակիցները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ստանում են պետական բյուջեից կենսաթոշակ կամ նպաստ։
Խոսելով հետվճարի համակարգի կիրառման շրջանակների մասին՝ նա ասաց, որ այն գործում է անկախ տնտեսվարողի գործունեության տեսակից։ Ըստ նրա՝ բավարար է վճարումն իրականացնել պոս տերմինալի միջոցով՝ անկախ նրանից, թե ինչ ապրանքի կամ ծառայության դիմաց է իրականացվում վճարումը։ Նրա խոսքով՝ հետվճար հաշվարկվում է թե՛ փոքր խանութներում, թե՛ սուպերմարկետներում, հագուստի, տեխնիկայի, կահույքի, ինչպես նաև ծառայությունների՝ վարսավիրանոցների, հյուրանոցների և այլ ոլորտներում կատարված վճարումների դեպքում։ Բացառություն են կազմում խաղային ոլորտում և կոմունալ վճարների դիմաց կատարված գործարքները։
Նախարարի տեղակալը նշեց, որ այս տարվա հունվարի մեկից հետո կատարված գործարքների համար հետվճարի չափը կազմում է արդեն 20 տոկոս՝ նախկին 12 տոկոսի փոխարեն։ Նրա խոսքով՝ եթե շահառուն օգտագործում է ԱՌՔԱ տեսակի բանկային քարտ, ապա պետական մեկ այլ ծրագրի շրջանակում ավելանում է ևս 2 տոկոս, ինչի արդյունքում հնարավոր է ստանալ մինչև 22 տոկոս հետվճար։ Նա պարզաբանեց, որ մինչև 50 հազար դրամի անկանխիկ գործարքների դեպքում հետվճարի չափը կարող է հասնել մինչև 10 հազար դրամի։
Նրա խոսքով՝ հաշվարկն իրականացվում է ամսական կտրվածքով, իսկ տվյալ ամսվա ընթացքում կատարված գործարքների դիմաց հետվճարը վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Նախարարի տեղակալը նշեց, որ ծրագրից օգտվելու համար քաղաքացիները պետք է իրենց կենսաթոշակը կամ նպաստը կանխիկից տեղափոխեն անկանխիկ վճարման համակարգ և գնումները կատարեն բանկային քարտի միջոցով։
Ասելով, որ ծրագրի մեկնարկից ի վեր արձանագրվում է կայուն աճ, նա նշեց, որ թե՛ շահառուների քանակը, թե՛ գործարքների ծավալը ամիս առ ամիս ավելանում են։ Նրա խոսքով՝ վերջին հասանելի տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին ծրագրից օգտվել է շուրջ 378 հազար շահառու։ Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից ի վեր անկանխիկ գործարքների ծավալը կազմել է շուրջ 330 միլիարդ դրամ, իսկ շահառուներին վերադարձվել է մոտ 32 միլիարդ դրամ։
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ նոյեմբեր ամսվա դրությամբ միջին հետվճարի չափը կազմել է մոտ 4200 դրամ, իսկ հունվարի մեկից հետվճարի տոկոսադրույքի բարձրացման արդյունքում այն կբարձրանա՝ հասնելով մոտ 7000 դրամի։
Նա կարևորեց նաև անկանխիկ վճարումների առավելությունները՝ նշելով, որ քաղաքացին կարող է հետագայում տեսնել, թե որտեղ և որքան գումար է ծախսել, ինչը հաշվետվողականության տեսանկյունից արդյունավետ գործիք է։
Վերջում նախարարի տեղակալը հիշեցրեց, որ 2025 թվականի դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած օրենքի համաձայն՝ 2026 թվականի ապրիլի մեկից կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են միայն անկանխիկ եղանակով և հորդորեց քաղաքացիներին ժամանակին ընտրել իրենց համար նախընտրելի բանկը՝ խուսափելու հնարավոր անհարմարություններից և հնարավորինս շուտ օգտվելու հետվճարի ծրագրի առավելություններից։