Միացյալ Նահանգները չեն զբաղվում Վենեսուելայի նավթի գողությամբ։ Այս մասին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «միայն վերահսկում է վաճառքը և դրամական հոսքերը Վենեսուելայում, որպեսզի միջոցները կարողանան օգտագործվել վենեսուելացի ժողովրդի կենսապայմանների բարելավման և ամերիկացիների համար ռիսկերի նվազեցման նպատակով»։
«Մենք ոչ մեկի նավթը չենք գողանում»,- ասել է նախարարը։
Հունվարի 7-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն արդեն սկսել են վենեսուելական նավթի վաճառքը համաշխարհային շուկայում։ Գերատեսչությունում նշել են, որ նավթի վաճառքից ստացված միջոցները փոխանցվելու են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող բանկային հաշիվներին։ Դրանից հետո գումարները կբաշխվեն հանուն ամերիկացի և վենեսուելացի ժողովուրդների շահերի՝ Վաշինգտոնի հայեցողությամբ։
Հունվարի 3-ին ԱՄՆ զինված ուժերը հարձակվեցին Վենեսուելայի վրա։ Պայթյուններ են արձանագրվել մայրաքաղաք Կարակասում, ինչպես նաև «Ֆորտ Տիունա» ռազմաբազայում։ Թիրախների թվում էին նաև «Լա Կարլոտա» ավիաբազան, «Էլ Վուլկան» կապի կայանը, «Լա Գուայրա» նավահանգիստը և մի շարք այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ։
Նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունը որակել է հաջողված՝ հայտարարելով ամերիկացի զինվորականների կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի գերեվարման մասին։
2026 թվականի հունվարի 5-ին սկսվել է վենեսուելացի առաջնորդի դատավարությունը՝ նարկոկարտել ստեղծելու հետ կապված հանցագործությունների մեղադրանքով։ Ընդ որում, գործի ըստ էության քննությունը կսկսվի ոչ շուտ, քան 2027 թվականին։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհրդում հայտարարել էին, որ ԱՄՆ-ի համար նավթն ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը։