Ադրբեջանից նավթամթերքի երկրորդ խմբաքանակը կներմուծվի Հայաստան, այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը հաստատվել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
«Մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, իսկ նորությունն այն է, որ միայն պրեմիում չի գալիս, այլ նաև ռեգուլյար տեսակի բենզին է գալիս և դիզվառելիք։ Ու էլի նախնական շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու։ Մոտակա օրերին այն կհասնի Հայաստան»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Բեռնափոխադրումը ներառում է 1000 տոննա AI-92 բենզին, 1800 տոննա AI-95 բենզին և 1000 տոննա դիզելային վառելիք: Բեռը կմեկնի հունվարի 8-ին Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից՝ Վրաստանի միջով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Հայաստան էր ներմուծվել ադրբեջանական բենզինի առաջին խմբաքանակը։