Google-ի Gemini-ը կտրուկ աճ է գրանցել գեներատիվ AI հարթակների վեբ օգտագործման մեջ

Google ընկերության գեներատիվ արհեստական բանականության հարթակը՝ Gemini-ը, վերջին մեկ տարվա ընթացքում զգալի աճ է գրանցել օգտագործման տեսանկյունից։ Վեբ տրաֆիկի վերլուծությամբ զբաղվող Similarweb ընկերության տվյալների համաձայն՝ Gemini-ի բաժինը գեներատիվ AI հարթակների համաշխարհային վեբ տրաֆիկում աճել է մի քանի անգամ։

Մասնավորապես, եթե մոտ մեկ տարի առաջ Gemini-ի բաժինը կազմում էր շուրջ 5.7%, ապա երեք ամիս առաջ այն հասել էր մոտ 12.9%, իսկ ներկայումս գնահատվում է արդեն մոտ 21.5%։

Մասնագետների գնահատմամբ՝ աճի հիմնական պատճառը Google-ի լայն էկոհամակարգն է, որի շրջանակում Gemini-ը ինտեգրված է ընկերության հիմնական ծառայություններում՝ Google Search, Android օպերացիոն համակարգ, ինչպես նաև Gmail, Google Docs և այլ գործիքներ։ Արդյունքում՝ շատ օգտատերերի համար Gemini-ն հասանելի է դառնում առանց առանձին հարթակ տեղափոխվելու կամ հավելյալ գրանցման։

Միևնույն ժամանակ նշվում է, որ Similarweb-ի տվյալները վերաբերում են միայն վեբ տրաֆիկին և չեն ներառում API-ների միջոցով իրականացվող օգտագործումը, կորպորատիվ պայմանագրերը կամ այն դեպքերը, երբ արհեստական բանականությունը ներդրված է այլ ծառայությունների ներսում։ Հետևաբար, ներկայացված ցուցանիշները չեն արտացոլում գեներատիվ AI շուկայի ամբողջական պատկերը, սակայն հստակ ցույց են տալիս օգտագործման և հետաքրքրության աճի միտումը։

Միևնույն ժամանակ, շուկայի առաջատար դիրքերը շարունակում է պահպանել OpenAI-ի մշակած ChatGPT հարթակը, որը, Similarweb-ի վեբ տրաֆիկի տվյալներով, դեռևս ունի գեներատիվ AI հարթակների ամենամեծ մասնաբաժինը։ Չնայած վերջին մեկ տարվա ընթացքում ChatGPT-ի հարաբերական մասնաբաժինը որոշ չափով նվազել է՝ պայմանավորված նոր խաղացողների ակտիվ մուտքով շուկա, այն շարունակում է մնալ առաջատար՝ շնորհիվ լայն ֆունկցիոնալ հնարավորությունների, մոդելների արագ զարգացման և ինչպես անհատական, այնպես էլ կորպորատիվ օգտատերերի շրջանում բարձր ճանաչելիության։

Այնուամենայնիվ, փորձագետների կարծիքով՝ Google-ի կողմից Gemini-ի արագ մասշտաբավորումը վկայում է այն մասին, որ գեներատիվ արհեստական բանականության շուկայում մրցակցությունը մտնում է նոր փուլ՝ մեծ տեխնոլոգիական ընկերությունների միջև։

Leave a Comment