Մոսկվան հայտարարում է՝ Ուկրաինայում օտարերկրյա զորքերն «օրինական մարտական ​​թիրախ» կլինեն

Քաղաքականություն

08.01.2026 | 19:41

Ռուսաստանն Ուկրաինայում օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների և օբյեկտների տեղակայումը կդիտարկի որպես «արտաքին միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում» իր անվտանգությանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նման ստորաբաժանումներն ու օբյեկտները ռուսական բանակի կողմից կհամարվեն օրինական մարտական ​​թիրախներ»,- հայտարարել է նա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զախարովան վկայակոչել է հունվարի 6-ին Փարիզում «կամավորների կոալիցիայի» կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում ֆրանսիական և բրիտանական զորքերի և ռազմական օբյեկտների տեղակայման վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը։

Կիևը, Փարիզը և Լոնդոնը հանդիպման ժամանակ ստորագրել էին մտադրությունների մասին հռչակագիր: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսքով՝ սա «ստեղծում է իրավական հիմք» հրադադարից հետո Ուկրաինայում բրիտանական, ֆրանսիական և այլ «գործընկեր» զորքերի տեղակայման համար: Բրիտանացի պաշտոնյան նաև հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կստեղծեն «ռազմական կենտրոններ» ամբողջ Ուկրաինայում, «կկառուցեն զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման անվտանգ օբյեկտներ», երբ հրադադարը սկսվի։

Ըստ The Times-ի՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան նախատեսում են մինչև 15,000 զինվորականի ուղարկել Ուկրաինա՝ որպես անվտանգության երաշխիք՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրից հետո, մինչդեռ Գերմանիան պատրաստ է ուժեր տեղակայել Ուկրաինայի մոտակայքում: Նշվում է, սակայն, որ նախատեսվող զորախմբի չափը «զգալիորեն փոքր է, քան սպասվում էր»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրն անվանել էր «շատ կոնկրետ»: Նա հավելել էր, որ ուկրաինական կողմն արդեն իսկ բավարար տեղեկատվություն ունի և գիտի, թե որ երկրները կմասնակցեն համաձայնագրին և ինչ ներդրում կունենա յուրաքանչյուրը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment