Երեկ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական
Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի առաջին նիստը։ Ըստ հաղորդագրության՝ նիստում քննարկվել են ճանապարհային
քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները, և կայացվել են անհրաժեշտ
որոշումներ։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Բալթյան
երկրների Հայոց թեմի առաջնորդ տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի հետ։
Նա նշեց՝ քանի որ գտնվում է
Լատվիայում, չի կարողացել մասնակցել Բարենորոգման խորհրդի նիստին, բայց բնականաբար
տեղյակ է և՛ օրակարգին, և՛ արդյունքներին, և այնքանը, որ տրվեց լրատվությանը, ամբողջությամբ
բավարար է. դա նշանակում է, որ համակարգող խորհուրդն աշխատում է, համակարգող խորհուրդը
մտածում է ոչ միայն այսօրվա, այլև գալիքի մասին, թե՝ ինչպիսին են իրենք
տեսնում մեր եկեղեցու ապագան։
Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը,
ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված
Համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի
բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։ Երեկ, սակայն, նա Հ1-ի եթերում հայտնել
է, որ Երուսաղեմի պատրիարքից ստացել է սպառնալիքով
նամակ, որով իրեն սպառնում և գիտակցության են հրավիրում, որ հետ կանգնի իր քայլից:
Տեր Գուսանը նշեց, որ պատրիարքը զգուշացրել է՝ եթե մինչև իրիկուն հետ չկանգնի իր
այդ քայլից, իրենք որոշում պետք է ընդունեն:
Այս առնչությամբ Վազգեն
սրբազանն ասաց, որ ինքը ողջունում է հայր Գուսանի այդ քաջ քայլը, քանի հայր Գուսանն
իրենց արժանավոր հոգևոր եղբայրներից է։
Ինչ վերաբերում է Երուսաղեմի
Հայոց թեմի պատրիարքության այդ հայտարարությանը, սրբազանն ասաց, որ իր համար դա շատ
տարօրինակ է, այդ նամակներն անհասկանալի են, որովհետև դա նախ հոգևորականի ազատության,
ինքնուրույն մտածողության նկատմամբ բռնություն է։
«Ինչ վերաբերում է ուրիշ
հոգևորականների միանալուն, ես համարում եմ, որ այս գործընթացին հարյուրներով են միացած
իրենց մտքով, իրենց հոգեբանությամբ և պատրաստակամությամբ, բայց գուցե ինչ-ինչ հանգամանքներից
ելնելով, երբեմն իրենց ծուխերում որոշակի անհասկացողություններ, երկպառակություններ
չլինելու և այլ պատճառներով շատ չեն համարձակվում այս քայլն անել։ Բայց հեռու չէ այն
օրը, երբ մեր հոգևոր եղբայրներից շատերը կանդրադառնան, որ սա շատ լուրջ հարց է և հարկավոր
է, որ յուրաքանչյուրն իր դիրքորոշումն ունենա այս հարցում»,- հավելեց սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան