Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունում, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Իրանում այս պահին տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, դրանք աստիճանաբար ավելի մեծ տարածքներ են ընդգրկում ու դառնում ավելի մարդաշատ։ Ցույցերի հետևանքով կան զոհեր, վիրավորներ։
Իսկ Սիրիայում ընթացող բախումների հետևանքով, որը տեղի է ունենում կառավարական և քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, արդեն գրանցվել են զոհեր, վիրավորներ։ Մինչև այս պահը հայ համայնքում զոհեր և վիրավորներ չկան, սակայն հայերի տներն են վնասներ կրել։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ եթե Իրանում այս լարված իրավիճակը շարունակվի և բողոքի ակցիաներն արդեն վերաճեն ռազմական բախումների, ապա դրանից միայն ու միայն Հայաստանը տուժելու է։
«Պարզ է, իրավիճակը չկայունանալու դեպքում Իրանին առաջին հարվածը կհասցնի Արևմուտքը, իսկ այդ հարվածն առաջինն իր վրա կվերցնի նաև Սյունիքը։ Գաղտնիք չէ, որ Իսրայելը և Միացյալ Նահանգները վաղուց են պատերազմ հայտարարել Իրանին։ Հիմա այն, ինչ տեղի է ունենում Իրանում, հիբրիդային պատերազմի տեսքով է կատարվում, այսինքն՝ Արևմուտքն ունի տեխնոլոգիա, որով կարողանում է հիմարացնել հասարակությանը, օրինակ՝ ինչպես դա եղավ Հայաստանում, Ուկրաինայում։ Այսպիսով փորձում են պայքարել Իրանի դեմ, ինչն ավելի արդյունավետ է, քան, անգամ, եթե հրթիռային ճշգրիտ հարվածներ հասցնեին։ Մինչև այս պահն Իրանի իշխանությունները կարողանում են վերահսկել կատարվող զարգացումները, տա Աստված, մինչև վերջ կարողանան կառավարել»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գագիկ Հարությունյանը։
Նա շեշտեց՝ այսօր Սյունիքն արևմտյան դերակատարների նպատակներից մեկն է, հետևաբար՝ այս պահին ամենաբարդ խնդրը դրված է Սյունիքի վրա, որից ամեն կերպ պետք է խուսափել։
Հղում անելով 90-ականներից տեղի ունեցող հրապարակվող վկայություններին, Գագիկ Հարությունյանը նշեց՝ Իրանն իսկապես մեծ հնարավորություն ունի միջուկային զենք օգտագործելու։ Այսինքն՝ Իրանը ոչ միայն ձգտում է միջուկային զենք ունենալ, այլ ունի այդ հնարավորությունը։ Այս ամենը հաշվի առնելով, նա հույս ունի, որ Իսրայելն իրավիճակից չի օգտվի։
«Հիշեք՝ Արևմուտքն ինչ արեց Ուկրաինայում, 2018 թվականին Հայաստանում, հիմա նույն փորձակումներն անում են Իրանում, հուսանք, չեն հաջողելու։ Իրանն այն երկիրն է, որն ունի լավ բարեկամական հարաբերություններ Հայաստանի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի։ Աստված տա, Իրանում իրավիճակը հանդարտվի, որովհետև հակառակ պարագայում վնաս է կրելու նաև Հայաստանը՝ քաղաքական, տնտեսական, անվտանգային հարցերում»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ Հայաստանում ուզեն թե ոչ՝ Իրանն ու Ռուսաստանը Հայաստանի միակ հնարավոր դաշնակիցներն են, որոնց անվտանգության խաթարումը չի բխում Հայաստանի շահերից։
«Հիմա մեր երկրում մի իշխանություն կա, որի պարագայում չգիտես, թե ինչ են մտածում Իրանում տեղի ունեցողի վերաբերյալ, որովհետև այն, ինչ կարող է կատարվել Իրանում, Հայաստանում արդեն կատարվել է։
Ուղղակի հիմա լավ սցենարի հույս ունենանք, որ Իրանում իրավիճակը կվերահսկվի ու կհանդարտվի»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը։