«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի․ մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքն իր մտադրությունը փոխի։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում», – ասաց Փաշինյանը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ. նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը ստիպված կլինի հեռանալ։
Այս մասին այսօր իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր կողմից կաթողիկոսի հեռանալու պահանջին։
«Ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի․ մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքն իր մտադրությունը փոխի։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում», – ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ դա կարվի անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված։
«Այնտեղ, որտեղ ես հետահայաց ինքնահայեցվել եմ և տեսել եմ, որ մենք այդ քրիստոնեական հանդուրժողականության և սիրո ուղուց շեղվել ենք, ես դրա համար հրապարակային ներողություն եմ խնդրել, պատասխանատվություն եմ կրել, այդ թվում՝ արդեն բազմիցս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու խորանի առաջ ծնկի եմ գալիս և ներում եմ հայցում իմ մեղքերի համար», – նշեց Փաշինյանը։
Ադրադառնալով քրեաիրավական գնահատականին՝ վարչապետն ասաց, որ ՀՀ-ն ինստիտուցիոնալ պետություն է և վստահեցրեց, որ եթե իր արարքներում կամ որևէ մեկի արարքներում լինեն քրեական պատասխանատվության կամ քրեական օրենսգրքի արձագանքի ենթակա արարքներ, դրանք իրենց արձագանքն անպայման կստանան։