Միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 933-ով ավելի դիմորդ, քան 2025-ին

Միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել է 933-ով ավելի դիմորդ, քան 2025-ին

8 հունվարի 2026 – 18:02 AMT

PanARMENIAN.Net – «Գնահատման և թեստավորման կենտրոնի» մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը հայտնել է, որ 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի համար գրանցվել է 12,538 դիմորդ, մինչդեռ 2025 թվականին այդ թիվը կազմել է 11,605։

Նրա փոխանցմամբ՝ գրանցված անձանց մի մասը պատրաստվում է հանձնել մեկ քննություն, իսկ մյուսները՝ երկու, հայտնում է Panorama.am-ը:

«Առհասարակ հանձնվելու է 23,474 քննություն՝ նախորդ տարվա 21,218-ի դիմաց»,-նշել է ԳԹԿ ներկայացուցիչը։

Առավել մեծ թվով դիմորդներ հայտագրվել են անգլերենի քննության համար՝ 7224 հոգի։ Հաջորդը մաթեմատիկան է՝ 5709 դիմորդ է հայտագրվել այս քննությունը հանձնելու համար։Հայոց լեզվի քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 հոգի, ֆիզիկա առարկայի քննության համար՝ 963 դիմորդ։

Ամենաքիչ գրանցումներն արձանագրվել են աշխարհագրության՝ 79, գերմաներենի՝ 55, ֆրանսերենի՝ 39, իսպաներենի՝ 3 և իտալերենի քննության համար՝ ընդամենը 1 դիմորդ։

Համաձայն ԳԹԿ տնօրենի հրամանի՝ 2026 թվականի առաջին փուլի միասնական քննությունները ըստ առարկաների անցկացվելու են հետևյալ օրերին.

«Հայոց լեզու և հայ գրականություն»՝ հունվարի 24,

«Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»՝ հունվարի 25,

«Օտար լեզուներ»՝ հունվարի 31,

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ փետրվարի 1,

«Մաթեմատիկա»՝ փետրվարի 7,

«Քիմիա», «Հայոց պատմություն»՝ փետրվարի 8։

Leave a Comment