Իրանում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը՝ իշխանությունների կոշտ հայտարարությունների ֆոնին

Իրանի քաղաքներում արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում են խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զանգվածային բողոքի ցույցերը, որոնց ֆոնին երկրի բարձրագույն դատական և ռազմական ղեկավարությունը խիստ միջոցներով է սպառնացել մասնակիցներին և նրանց կողմնակիցներին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Թեհրանում, ինչպես նաև Բորուջերդ, Արսենջան և Գիլան-է-Գարբ քաղաքներում: Մայրաքաղաքում ցուցարարները խարույկներ են վառել, իսկ Շիրազում ականատեսներն արձանագրել են, թե ինչպես են անվտանգության ուժերը ճեղքել «մենք ապստամբելու ենք սովի պատճառով» գրությամբ պատնեշը: Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ իշխանությունները ներողամտություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր, նրա խոսքով, «գործում են ի շահ Իսլամական Հանրապետության թշնամիների»՝ մեղադրելով անկարգություններ հրահրողներին ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ կապերի մեջ:

Նրա հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է միջամտել խաղաղ ցուցարարների մահվան դեպքում: Դրանից հետո Իրանի բանակի հրամանատար Ամիր Խաթամին նախազգուշացրել է կանխարգելիչ գործողությունների հնարավորության մասին՝ հայտարարելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են «ավելի վճռական պատասխան» տալ հակառակորդի սխալի դեպքում:

Սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով Իրանի կառավարությունը հունվարի 7-ից սկսել է բնակչությանը ամսական մոտ 7 դոլար վճարել բազային մթերքների գների աճը փոխհատուցելու համար:

Բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո:

Իրավապաշտպանները հայտնում են առնվազն 36 զոհի և ավելի քան 2 հազար ձերբակալվածի մասին, սակայն իշխանություններն այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատում:

Leave a Comment