Հակակոռուպցիոն կոմիտեն 160 մլն դրամի ջերմատեսիլ սարքեր հափշտակելու գործով մեղադրանք է առաջադրել ՊՆ պաշտոնյային

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 մլն դրամի ջերմատեսեիլ սարքեր հափշտակելու մեջ: Քրեական գործն ուղարկվել է դատարան, հայտնում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն:

Նախաքննության պարզվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, հափշտակել է փաստացի իր տիրապետմանը հանձնված և զորամասերի պահեստներում պահվող առանձնապես խոշոր չափերի 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ, որոնցից յուրաքանչյուրն իր արժեքից շուրջ տասն անգամ ցածր գնով՝ 50-450 հազար դրամով վաճառել է Երևանի բնակչին:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմել է ջերմատեսիլ սարքը հանձնած լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ ներառող պաշտոնական փաստաթղթեր:

Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու և իրացնելու համար մեղադրանք է ներկայացվել նաև ջերմատեսիլ սարքերի գնորդին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հաշվի առնելով, որ վերը նշված ջերմատեսիլ սարքերը հափշտակվել են Պաշտպանության նախարարությունից, դրանք հայտնաբերելու և նախարարությանը վերադարձնելու նպատակով կոմիտեն քաղաքացիներին հորդորում է կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոցներ ձեռք բերած լինելու կամ այդ մասին որևէ տեղեկություն ունենալու դեպքում դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Leave a Comment