Նոր աստղ UFC-ո՞ւմ․ Օլիմպիական չեմպիոնը նախապատրաստվում է իր նորամուտին — Armsport.am

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Գեյբլ Սթիվսոնը կիսվել է 2026 թվականի իր հավակնոտ ծրագրերով՝ հայտարարելով խառը մենամարտերի ամենահեղինակավոր կազմակերպությունում՝ UFC-ում հանդես գալու մտադրության մասին։

Հայտնի մեկնաբան Ջո Ռոգանի փոդքասթի ժամանակ ամերիկացի ըմբիշը մանրամասնել է իր ցանկությունը՝ նորամուտը նշել պատմական վայրում։

«Ես շատ կցանկանայի UFC-ում նորամուտս նշել Սպիտակ տանը կայանալիք մրցաշարում։ Բայց մինչ այդ կուզեի ևս 1-2 մենամարտ անցկացնել, որից հետո, եթե հաջողվի պայմանագիր կնքել, անել մեծ հայտարարություն. «Հե՜յ, գործարքը կայացած է, հիանալի աշխատանք», և արդեն մտնել օկտագոն Սպիտակ տանը։ Սա իմ իդեալական սցենարն է», — նշել է մարզիկը։

Հիշեցնենք, որ Գեյբլ Սթիվսոնն արդեն փորձ ունի խառը մենամարտերում (MMA) անցած տարի նա երկու հաղթանակ է գրանցել։ Ինչ վերաբերում է Սպիտակ տան մրցաշարին, ապա այն դեռևս պաշտոնապես հայտարարված չէ, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, միջոցառումը ծրագրված է անցկացնել հունիսի 14-ին։

Leave a Comment