ՊՆ պաշտոնյան մոտ 160 մլն դրամի ջերմատեսիլ սարքեր է հափշտակել. Քրվարույթն ուղարկվել է դատարան

ՊՆ պաշտոնյան մոտ 160 մլն դրամի ջերմատեսիլ սարքեր է հափշտակել. Քրվարույթն ուղարկվել է դատարան

8 հունվարի 2026 – 17:04 AMT

PanARMENIAN.Net – ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ ՊՆ երկու զորամասերում համապատասխան պաշտոնավարում իրականացրած անձը, ծառայողական դիրքը չարաշահելով, 2024 թվականին կատարել է մոտ 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն։

Հետաքննությամբ պարզվել է, որ պաշտոնյան յուրացրել է զորամասերի պահեստներից իր վստահությանը հանձնված 37 միավոր տարբեր մոդելների ջերմատեսիլ նշանոցներ։ Այդ սարքերը, որոնցից յուրաքանչյուրն իրականում գնահատվում էր մի քանի միլիոն դրամ, վաճառվել են Երևանի բնակչին ընդամենը 50-450 հազար դրամով՝ մոտ տասն անգամ ցածր գնով։

Բացի դրանից, պարզվել է, որ նա պաշտոնական փաստաթղթերում կազմել է կեղծ տվյալներ՝ ներկայացնելով, թե սարքերն իբր հանձնվել են սահմանված կարգով։

Նշված գործողությունների համար պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ վստահված լինելը օգտագործելով, երկու դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։ Նրա նկատմամբ կիրառվել է կալանք՝ որպես խափանման միջոց։

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելու և իրացնելու համար մեղադրանք է առաջադրվել նաև նշված ջերմատեսիլ սարքերի գնորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Հաշվի առնելով, որ սարքերը հափշտակվել են պաշտպանության նախարարությունից, քաղաքացիներին հորդորում են՝ եթե որևէ մեկը կասկածելի հանգամանքներում ջերմատեսիլ նշանոց է ձեռք բերել կամ նման տեղեկություն ունի, անմիջապես դիմի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։

Ծանուցում․ ըստ օրենքի, ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և հաստատվել օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով։

Leave a Comment