Նավթի համար՝ միջուկային շանտաժ․ «Կարիբյան» նոր ճգնաժա՞մ է հասունանում

Ատլանտիկան վերածվում է ամենավտանգավոր ռազմածովային հակամարտության գոտու՝ Կարիբյան ճգնաժամից ի վեր։ Ռուսաստանը գնացել է աննախադեպ ռիսկի՝ Ատլանտիկա դուրս բերելով ատոմային սուզանավ և ռազմական նավերի խումբ՝ պաշտպանելու Marinera նավթատարին (նախկինում՝ «Bella 1»)։ Սա ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Մոսկվան քաղաքացիական նավի՝ այսպես կոչված «ստվերային նավատորմի» համար ձևավորում է լիարժեք ռազմական կոնվոյ ( պահակախումբ)՝ փաստացի հայտարարելով, որ նավթի մաքսանենգ փոխադրումն այսուհետ կառաջացնի միջուկային զենքի սպառնալիք: Գրում են ռուսական լրատվամիջոցները։

Marinera-ի շուրջ զարգացող սյուժեն հիշեցնում է հոլիվուդյան մարտաֆիլմ՝ իրավական ենթաշերտով։ Դեկտեմբերի 21-ին Կարիբյան ծովում ԱՄՆ ուժային կառույցները, ունենալով ձերբակալման օրդեր՝ պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթի տեղափոխման համար, փորձել են նավը վերցնել։ Էկիպաժը ( նավի սպասարկող անձնակազմը) պատասխանել է բառացիորեն «ծովահենական» մանևրով․ փակել է նավի կամրջակը, նավի վրա նկարել ռուսական եռագույնը և ամբողջ արագությամբ դուրս եկել բաց օվկիանոս։ Ամանորի գիշերը Կրեմլը հաշված ժամերի ընթացքում «ժանգոտ կեղտոտ նավը» գրանցել է Սոչիի նավերի կազմում՝ օրինականացնելով այն նոր անվան տակ և ստեղծելով դիվանագիտական փակուղի։

Ներկայումս կոնֆլիկտը տեղափոխվել է Իսլանդիայի և Մեծ Բրիտանիայի միջև ընկած սառցե ջրերի տարածքը։ Վաշինգտոնը պաշտոնապես նավը համարում է «առանց պետական պատկանելիության», պնդելով, որ փախուստի պահին դրոշի փոփոխությունը իրավական ուժ չունի։ Սակայն տվյալ շրջանում ռուսական սուզանավի հայտնվելը նավի հնարավոր գրավումը վերածում է Երրորդ համաշխարհային պատերազմի պոտենցիալ սկիզբի։ Մոսկվան արդեն Պետդեպարտամենտ է ուղարկել նոտա՝ պահանջելով դադարեցնել «ծովահենությունը», իսկ Պենտագոնը, ըստ CNN-ի, արտակարգ ռեժիմով քննարկում է՝ արժե՞ արդյոք իրականացնել ուժային գործողություն:

Թրամփի վարչակազմի համար այս գործը քննություն է Վենեսուելայի նկատմամբ հայտարարված ծովային շրջափակման կենսունակության համար։ Եթե ԱՄՆ-ը նահանջի, ապա «ստվերային նավատորմը» կստանա անպատժելիության համընդհանուր բանաձև։

Leave a Comment