Այս տարի ունեցել ենք ավելի քան 2մլն զբոսաշրջիկ, ինչը 2.5 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից․ Պապոյան

Պատմական լավագույն տարին Հայաստանի համար եղել է 2023–ը, երբ ունեցել ենք 50․000-ով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի, ասել է Պապոյանը


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/ԱՌԿԱ/․ Այս տարի ունեցել ենք 2.263.642 զբոսաշրջիկ, ինչը 2.5 %-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19․4 %-ով ավելի է 2019 թվականի ցուցանիշից։


Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։


Նախարարի խոսքով՝ դեկտեմբերին Հայաստանն ունեցել է 139․933 զբոսաշրջիկ, որը դեկտեմբեր ամիսների պատմության մեջ լավագույն ցուցանիշ է, այսինքն` չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել։


«Այս տարվա մայիսը, հունիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը, նոյեմբերը և դեկտեմբերը, այսինքն` 12 ամիսներից 7–ը այս տարվա ցուցանիշներն են երբևէ լավագույնը եղել Հայաստանի պատմության մեջ», – ասել է Պապոյանը։


Նախարարն ընդգծել է, որ պատմական լավագույն տարին Հայաստանի համար եղել է 2023–ը, երբ ունեցել ենք 50․000-ով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի։


«Բայց, օրինակ, ՌԴ-ից այս տարի ունեցել ենք 216 հազարով պակաս զբոսաշրջիկ, քան 2023 թվականին, բայց քանի որ կարողացել ենք այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ ունենալ, դրա հաշվին նվազումն ընդամենը եղել է 50 հազար»,-ասել է նախարարը։

Leave a Comment