Հայ-հունական բարեկամության ծառը․ Տիգրան Մկրտչյանը՝ դիվանագիտության արվեստի և փիլիսոփայության մասին

Հայ–հունական հարաբերություններն անցել են զարգացման տարբեր փուլերով՝ թրծվելով պատմության, մշակույթի և փիլիսոփայության խորը շերտերում։ Այսօր էլ նրանք շարունակում են իրենց բնականոն զարգացումը՝ հիմնված ոչ միայն քաղաքական շահերի, այլ անկեղծ բարեկամության վրա։ Բայց ինչպես յուրաքանչյուր բարեկամություն, ազգերինը ևս փոխադարձ խնամք է պահանջում, հակառակ դեպքում բարեկամության ծառը դատապարտված է չորանալուն։

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ խոսել ենք այդ խնամքի և Ոդիսևսի՝ որպես պատմության առաջին դիվանագետի մասին։ Հավելեմ, որ այս թողարկման ընթացքում դուք լսելու եք բազմաթիվ մեջբերումներ և իմաստուն խոսքեր, այնպես որ լարում ենք լսողությունն ու հիշողությունը։ Հյուրի հետ խոսել ենք առցանց։

-Հռոմեացի թերևս ամենահայտնի պատմաբան Տակիտոսը նշում էր, որ պատմությունը գրելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքով՝ առանց զայրույթի և կրքերի։ Նրա այս դրույթը (լատ․ sineira et studio) դարձավ գիտական, այսպես կոչված, օբյեկտիվության, հումանիտար գիտությունների ուսումնասիրության մեթոդաբանական մեկնակետը։

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը պատմաբան է։ Նրա ակադեմիական հետաքրքրությունների շրջանակում համատեղվում են բրիտանական պահպանողականության ու անտիկ պատմության ուսումնասիրությունը։ Պատմությունը ոչ միայն օգնել է նրան կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում, այլ հաջողել նույն այդ մասնագիտության մեջ։

-20-րդ դարի սկզբի մի դիվանագետ ասել է, որ պատմությունը միջազգային հարաբերություններով զբաղվողների համար պետք է լինի հիմնական ուսումնասիրության առարկա։ Իսկ դրանից մի քանի դար առաջ մի այլ ֆրանսիացի դիվանագետ, արդեն մտածող Ֆրանսուա դը Կալիերն (François de Callières) ասում էր, որ այլ ժողովուրդների պատմության ուսումնասիրությունը կարևոր նախապայման է դիվանագիտական գործունեության համար։ Եթե դու չգիտես այդ երկրների պատմությունը, դու չես կարող հասկանալ նրանց շահերը, ասենք՝ ակնկալիքները, վախերը, արժեքները և ընկալումները։ Ու չես կարող կանխատեսել, թե ինչպես այդ երկրներում կարձագանքեն քո այս կամ այն խոսքին կամ գործին։

Տիգրան Մկրտչյանի մայրը երգչուհի էր, իսկ հայրը՝ դերասան, ուստի նա փոքրուց գիտեր, թե ինչ տեսք ունի անհամատեղելի հանգամանքների կատարյալ համադրությունն ու լավ արդյունքին հասնելու բանաձևը։

-Նկարչության մեջ, բեմում, երաժշտությունում՝ ընդհանրապես ցանկացած ոլորտում՝ այդ թվում նաև դիվանագիտական աշխատանքում, ոչ ստանդարտ գործելաոճը հաճախ բերում է դրական արդյունքների։ Դիվանագետը պետք է ունենա արվեստագետին բնորոշ ստեղծագործական մտածողություն, որպեսզի անելանելի թվացող առճակատումներում կարողանա վարքագծի, խոսքի շեշտադրության և դեմքի մկանների գիտակցված կառավարման միջոցով առաջ տանի պետության շահերը։

ԵՊՀ-ում ուսանելուն զուգահեռ 2003 թ.-ին Տիգրան Մկրտչյանը ամբողջական կրթաթոշակ ստացավ Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Քեմբրիջի համալսարանը Տիգրան Մկրտչյանի կյանքը բաժանեց առաջի և հետոյի։ Որակյալ կրթության շնորհիվ նրա մասնագիտական ունակությունները նկատելի դարձան նաև ՀՀ Ազգային ժողովում և շուտով աշխատանքի հրավեր ստացավ։

Դժվար պահ էր, որովհետև մի կողմից արդեն ստացել էի բարձր վարձատրվող աշխատանք, սակայն այն մի տեսակ ջրբաժան էր, երբ անհրաժեշտ էր որոշում կայացնել՝ շարունակե՞լ և ներգրավվել քաղաքական ու որոշ չափով դիվանագիտական բնույթ ունեցող գործունեության մեջ, թե՞ սահմանափակվել հետազոտական աշխատանքով և ունենալ կայուն ու լավ աշխատանք։ Ես ընտրեցի առաջին ուղին, և այդ ընտրությունը, ի վերջո, ունեցավ իր որոշակի նշանակությունը։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ աշխատելու տարիների շնորհիվ Տիգրան Մկրտչյանն ամենալավն է պատկերացնում խոսքի՝ սխալ կամ ուշացած լինելու վտանգները։

ԱՄՆ-ում ռազմավարական հաղորդակցության հիմունքների դասընթացի ժամանակ դասախոսը մեզ ասում էր, որ եթե որևէ իրավիճակում հրապարակվում է նյութ, որը հակասում է քո մոտեցումներին կամ ուղղված է քո կամ պետությանդ դեմ, և այն արագորեն տարածվում է սոցիալական ցանցերում, ապա եթե դու առավելագույնը չորս ժամվա ընթացքում համարժեք չես արձագանքում, պարտվում ես խոսույթների, այսինքն՝ նարատիվների պատերազմում։ Այս մոտեցումն այսօր առավել քան ակտուալ է։ Սակայն միշտ պետք է հաշվի առնել նաև քաղաքական համակարգի առանձնահատկությունները։

Զինվորները պետք է զենքի արվեստին տիրապետեն, դիվանագետները՝ խոսքի։ Յուրաքանչյուր գաղափար, հետագայում վարք ու ապրելակերպ մի պարզ խոսքից են ծնվում։

-20-րդ դարի կեսերին ամերիկացի հայտնի մտածող Ռիչարդ Ուիվերը (Richard Weaver) մի ամբողջ աշխատություն է նվիրել վտանգավոր գաղափարների ազդեցությանը՝ այն վերնագրելով «Գաղափարներն ունեն հետևանքներ» («Ideas Have Consequences»)։ Բնականաբար, գաղափարներն իրենց հետևանքներն ունեն խոսքի միջոցով, ինչպես զրադաշտական ուսմունքում առկա է եռամիասնությունը՝ միտք, խոսք և գործ։ Արագ հաղորդակցության պայմաններում սխալ խոսքը կարող է ունենալ անհամեմատ ավելի ճակատագրական հետևանքներ, քան դանդաղ հաղորդակցության ժամանակ։ Այդ պատճառով դիվանագետի համար ինքնատիրապետումը պարզապես այս մասնագիտության ընտրության պարտադիր նախապայման է։ Ընդ որում, վերահսկելով սեփական խոսքը՝ դիվանագետը պարտավոր է նաև կարողանալ ընկալել դիմացինին և ինքն իրեն տեսնել նրա աչքերով։

Նախքան դիվանագետ դառնալը Տիգրան Մկրտչյանը հասցրել է խորհրդականի պաշտոնում աշխատել ՀՀ ԱԺ-ում և ԱԳՆ-ում։ Իսկ ի՞նչ են խորհուրդ տալիս խորհրդականները։

-Հարցը, իմ կարծիքով, ոչ այնքան այն է, թե ինչ խորհուրդ ես տալիս, որքան՝ ինչպես ես այն ներկայացնում։ Արժեքավոր է անկեղծ խոսքը։ Նույնիսկ եթե քո դիտարկումները ղեկավարի համար ականջահաճո չեն, քո պարտականությունն է ներկայացնել իրավիճակի օբյեկտիվ գնահատականը։ Ընդհանրապես, եթե խորհուրդ տալու ժամանակ առաջնորդվում ես միայն դիմացինին չզայրացնելու կամ նրան ցանկալի կարծիք փոխանցելու նպատակով, ապա դրանով ավելի մեծ վնաս ես հասցնում գործին։

Արհեստական բանականությունը մի կարևոր վախ է իր շուրջը տարածել․ մենք բոլորս կարող ենք հեշտ ու արագ փոխարինվել։ Արդյո՞ք այն մասնագիտական վախ է նաև դեսպանների մոտ։

-Արհեստական բանականությունը, ինչպես վերջերս նշում է ամերիկացի դիվանագետ և պատմաբան Վես Միթչելը (Wes Mitchell)՝ ԱՄՆ Պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան, իր նոր հրատարակած գրքում՝ «Մեծ տերությունների դիվանագիտությունը», չի կարող փոխարինել դիվանագետին։ Դիվանագիտական գործունեության հիմնական գործառույթները իրականացվում են նախ և առաջ միջանձնային շփումների, դրանց երկարաժամկետ գնահատման և համադրման արդյունքում։ Ավելին՝ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը ոչ թե սահմանափակել, այլ ընդլայնել է ժամանակակից դիվանագետի գործիքակազմը։

Տիգրան Մկրտչյանն իր ողջ ակադեմիական կյանքում տարված է եղել անտիկ երկրների մշակույթով ու պատմությամբ։ Մի օր այդ սերը դառնում է շոշափելի ու վերածվում ներկա համագործակցության, երբ դու դեսպան ես, իսկ քո դեսպանության երկիրը Հունաստանը։

-Հունաստանը մեզ, երևի թե, ամենամտերիմ երկրներից է, և հույն ժողովուրդը մեզ՝ հայ ժողովրդին ամենամտերիմ ժողովուրդն է։ Մեր հարաբերությունները նման են գեղեցիկ, ծաղկող ծառի, որը անընդհատ խնամքի և ջրելու կարիք ունի, որպեսզի շարունակ աճի և պտուղ տա։ Եթե մենք կանգ առնենք ու մտածենք, որ ամեն ինչ արդեն լավ է, ծառը կչորանա։ Ուստի դեսպանների և դիվանագետների աշխատանքը հենց այդ ծառը շարունակ պահպանելն ու զարգացնելն է՝ օգտագործելով բոլոր հասանելի միջոցներն ու հմտությունները։

Իսկ այդ գործիքակազմը հարուստ է պատմաքաղաքական, կրթական ու մշակութային շերտերով, որոնց միշտ կարելի է հղում կատարել։ Ի դեպ, հերոսը, որի պատմությունը պետք է յուրաքանչյուր ապագա դիվանագետ կարդա, նույնպես հույն է, Իթակե կղզու արքան՝ Ոդիսևսը։

-Ոդիսևսին, իմ կարծիքով, կարելի է համարել առաջին դիվանագետը. նրա դիվանագիտական հնարքները, խոսքի ճկունությունն ու մտքի հստակությունը թույլ են տալիս հաղթահարել ամենատարբեր դժվարություններ։ Նրա հիմնական նպատակն էր տուն վերադառնալը, և տարբեր իրավիճակներում նա հաջողությամբ իրականացնում էր այդ նպատակն իր ճկուն մտածողության և վարպետության շնորհիվ։ Նույնպես, ցանկացած դիվանագետ պետք է տիրապետի նման հմտություններին՝ ճկուն մտածողությանը, խոսքի արվեստին և իրավիճակների վերլուծման կարողությանը։

Վստահ եմ, որ տոնական այս օրերին արդեն իսկ հասցրել եք ամենատարբեր շեշտերով շատ մաղթանքներ լսել։ Բայց Ամանորի մաղթանքները երբեք շատ չեն լինում, ուստի ևս մեկը՝ դիվանագիտականը, մեր կողմից։

-Իմ մաղթանքն այն է, որ ապրենք ավելի խաղաղ աշխարհում։ Մենք ապրում ենք չափազանց բարդ ժամանակներում․ միջազգային աշխարհակարգը կրում է էական փոփոխություններ, տեղի են ունենում մեծ վայրիվերումներ, և այս փոփոխվող աշխարհում սեփական տեղն ունենալն ու ամրապնդելը լուրջ մարտահրավեր է մեզ համար՝ հատկապես մեր պետության համար։ Ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք հաղթահարել առկա դժվարությունները, ճիշտ կողմնորոշվել, ապահովել մեր պետության զարգացումը և մեր ժողովրդի վերելքը։ Սա է իմ մաղթանքը, և ես հույս ունեմ, որ դա հնարավոր կլինի իրականացնել։

Leave a Comment