Հայաստանի վանքերը, որոնք ձևավորել են աշխարհում առաջին քրիստոնյա երկրի հոգևոր և մշակութային ինքնությունը, շարունակում են մնալ թերագնահատված ուղղություն ճանապարհորդների համար, գրում է National Geographic-ը։
Ամսագիրը ներկայացրել է հինգ վանքի ցանկ, որոնք, ըստ հրապարակման, պարտադիր են այցելության համար։
Նշվում է, որ քրիստոնեությունը 301 թվականին ընդունելուց ի վեր հայկական վանքերը եղել են ոչ միայն կրոնական կենտրոններ, այլև համայնքների, կրթության և արվեստի հենասյուներ։ 17 դար անց դրանցից շատերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված հուշարձաններ, շարունակում են կարևոր դեր ունենալ երկրի կյանքում՝ միաժամանակ պահպանելով իրենց ինքնատիպությունը։
National Geographic-ը հատուկ ուշադրություն է դարձրել Գեղարդի վանքին, որը հայտնի է իր յուրահատուկ ակուստիկայով, XIII դարի քարանձավային մատուռներով և Սուրբ Գեղարդի մասին լեգենդով։ Հրատարակությունը ընդգծում է, որ բնական լանդշաֆտի և ճարտարապետության համադրությունը Գեղարդը դարձնում է տարածաշրջանի ամենատպավորիչ հուշարձաններից մեկը։
Առանձնացվում է նաև Տաթևի վանքը, որը գտնվում է Որոտանի կիրճի եզրին և հասանելի է աշխարհի ամենաերկար հակադարձ ճոպանուղով։ Միջնադարում Տաթևը խոշոր կրթական կենտրոն էր, իսկ այսօր, տեղական աղբյուրների գնահատմամբ, շարունակում է մնալ «կենդանի վայր», որտեղ զբոսաշրջությունը նպաստում է համայնքների պահպանմանը և հոգևոր ավանդույթի շարունակությանը։
Նյութում հիշատակվում է նաև Արենի գյուղի մոտ՝ Արփա գետի վտակի նեղ ու ոլորապտույտ կիրճում գտնվող Նորավանքի վանական համալիրը՝ հայտնի իր ճարտարապետությամբ և կարմիր ժայռերով, ինչպես նաև Լոռու մարզում գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, որոնք միջնադարում գիտության, փիլիսոփայության և արվեստի կենտրոններ էին։
National Geographic-ի գնահատմամբ՝ այս հուշարձանները հնարավորություն են տալիս տեսնել Հայաստանը ոչ միայն որպես զբոսաշրջային ուղղություն, այլև որպես քաղաքակրթությունների խաչմերուկ՝ խոր արմատավորված քրիստոնեական ավանդույթով։
