«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը ձեռնամուխ է եղել գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի փնտրտուքներին և նախատեսում է հանդիպումների շարք անցկացնել հավանական թեկնածուների հետ։
ESPN-ի տեղեկություններով՝ «կարմիր սատանաների» կարճ ցուցակում ընդգրկված են ակումբի երեք նախկին աստղերը՝ Մայքլ Քարիկը, Ռուդ վան Նիստելռոյը և Օլե-Գունար Սուլշերը։
Ակումբի ղեկավարության նպատակն է ներգրավել որակյալ մասնագետի կարճաժամկետ հեռանկարով՝ թիմը ղեկավարելու մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Սա թույլ կտա ղեկավարությանը ժամանակ շահել և ամռանը կշռադատված որոշում կայացնել երկարաժամկետ գլխավոր մարզչի ընտրության հարցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մանկունիացիների ներկայացուցիչներն արդեն իսկ նախնական զրույց են ունեցել Սուլշերի հետ, ով 2018-2021 թվականներին արդեն զբաղեցրել է այս պաշտոնը։
Մինչ նոր նշանակումը, առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում թիմը կգլխավորի Դարեն Ֆլետչերը։
Հիշեցնենք, որ «Օլդ Թրաֆորդում» կադրային փոփոխությունները սկսվեցին հունվարի 5-ին, երբ ակումբը պաշտոնապես հայտարարեց պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմի պաշտոնանկության մասին։ Ամորիմը թիմը գլխավորում էր 2024 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2026 թվականի հունվարի 5-ը։