Փաշինյանն Ամանորի հոսանքազրկումների մեղավոր է համարում ՀԷՑ-ի նախկին ղեկավարներին

Փաշինյանն Ամանորի հոսանքազրկումների մեղավոր է համարում ՀԷՑ-ի նախկին ղեկավարներին

8 հունվարի 2026 – 15:55 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից առաջ անդրադարձել է Ամանորի գիշերը Հայաստանի մի շարք բնակավայրերում գրանցված հոսանքազրկումներին՝ մեղադրելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին ղեկավարությանը՝ տարիների ընթացքում կուտակված համակարգային անփութության համար։

«Այն փաստը, որ մարդիկ Ամանորի գիշերն անցկացրել են հոսանքազրկված բնակավայրերում, ցույց է տալիս այն կառավարման արդյունքները, որոնք նախորդիվ շրջանում իրականացվել է ՀԷՑ–ում, և այն պրոցեսները, որոնք դուք տեսել եք մայիսից: Դա արդյունք է այն բանի, որ ՀԷՑ–ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները մասնավորապես մարզային բնակավայրերում»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Փաշինյանը նշել է, որ եթե ՀԷՑ-ի շուրջ վերջին 6 ամիսներին տեղի ունեցած գործընթացները տեղի չունենային, ապա հոսանքազրկված համայնքների թիվը «կլիներ երեք անգամ ավելի»։

«Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր երկար ժամանակ ՀՀ–ում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար այդ ամենը թաքցված լինելով ՀՀ առանցքային, կրիտիկական ենթակառուցվածքներից մեկի թիկունքում։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և նրա գործընկերների աշխատանքի արդյունքում է պարզվել, որ ՀՀ–ում չկա գոնե մեկ ընտանիք, որից ՀԷՑ–ը նախորդող շրջանում փող չի գողացել պետական հիմնարկներ, զորամասեր»,– հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետը ընդգծել է, որ ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ կառավարությունն ընդունել է ճիշտ որոշում և համոզված է՝ կարող են այն պաշտպանել բոլոր իրավական ատյաններում։

Նրա խոսքով՝ ՀԷՑ-ի շարքային աշխատակիցները միայն այժմ են սկսել ստանալ պարգևավճարներ ու հավելումներ, ինչը տարիներ շարունակ հասանելի է եղել բացառապես վերնախավին։

«Ռոմանոս Պետրոսյանի գործունեությունից հետո նրանք ստանում են այդ հավելումները, իսկ վերնախավը չի ստանում»,– վստահեցրեց Փաշինյանը։

Նա հերքել է պնդումները, թե ընկերությունը հիմնականում գործել է սեփական միջոցների հաշվին։

«ՀԷՑ–ում չկա մասնավոր միջոց. ընկերության միջոցները ձևավորում են ՀՀ սպառողների վճարած վարձերից։ ՀԷՑ–ում կան վերցված վարկեր, որի համար էլի վճարում ենք մենք, նաև ժամանակին հավելագրումներ են արվել պետական և մասնավոր հիմնարկների վրա»,– եզրափակեл 1 վարչապետը։

Հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունել էր «ՀԷՑ»-ի պետականացման մասին օրենսդրական փաթեթը։ Դրանից հետո՝ հուլիսի 18-ին, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ժամանակավոր կառավարիչ։ ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբը վիճարկել է կառավարիչ նշանակելու որոշումը՝ դիմելով Ստոկհոլմի արբիտրաժային դատարան։

Նոյեմբերի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրել էր «Տաշիր կապիտալին» տրված լիցենզիան։

«Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ձեռք էր բերել 2016-ին՝ նախորդ կառավարության խնդրանքով և խոստացել էր կատարել հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումներ համակարգի արդիականացման նպատակով։

Leave a Comment