ՀՀ-ն և Ադրբեջանը փոխանակվել են առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկով. Փաշինյան

Դեռևս ուսումնասիրության գործընթաց է ընթանում, ասել է վարչապետը


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ գնելու և վաճառելու հարցում են հետաքրքրված։


Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով, ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների միջև փոխանակվել է առուվաճառքի պոտենցիալ ապրանքախմբերի ցանկ:


«Դեռևս ուսումնասիրության գործընթաց է ընթանում»,- ասել է վարչապետը:


«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, գործարարներին, որոնք հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, ասել ենք, որ այդպիսի հնարավորություն կա»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ դրանից հետո երկու կողմերի ընկերությունները կապ են հաստատել միմյանց հետ։


«Եթե չեմ սխալվում, հայկական կողմից երկու ընկերություն է դիմել»,-ասել է նա։


«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել այդ բենզինը, ինչը նշանակում է, որ մեր նախնական մտահոգությունը և մտավախությունը ճիշտ էր։   Ես կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ այդ շուկան և հնարավորությունը բաց է բոլորի համար, և ով ուզենա, կարող է դրանից օգտվել։ Ոչ մի սահմանափակում չկա»,-հավելել է Փաշինյանը։

Leave a Comment