Իրանի իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Աֆղանստանի ՆԳՆ բարձրաստիճան սպա Իկրամուդդին Սարիի ենթադրյալ սպանողին, ով իր ընկերոջ հետ սպանվել էր անհայտ անձի կողմից Թեհրանի բանուկ փողոցներից մեկում։ Այս մասին հայտնում է Afghanistan International պորտալը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքիի հայտարարությանը։
«Գեներալ Իկրամուդդին Սարիի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է Իրանի մայրաքաղաքում… Իրանը թույլ չի տա, որ Աֆղանստանի անվտանգության խնդիրները տարածվեն Թեհրանի կամ Մաշհադի վրա»,- մեջբերում է պորտալը օրենսդրի խոսքերը։
Մալեքին նշել է, որ իրանական մի քանի գերատեսչություններ միաժամանակ հետաքննում են Սարիի և աֆղանցի մեկ այլ նախկին սպայի՝ Մոհամմադ Ամին Ալմասի սպանությունը՝ ընդգծելով, որ Իրանի ներքին գործերի նախարարությունը այս գործին վերաբերվում է առանձնահատուկ նրբանկատությամբ։ Խորհրդարանականի խոսքով՝ «Թեհրանում և Մաշհադում Թալիբանին դեմ արտահայտվող աֆղան հրամանատարների սպանությունները ցավալի են»։ Նա հավելել է, որ այս գործերը «լրջորեն հետաքննվում են խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի և իրանական հատուկ ծառայությունների կողմից»։ «Մեր ստացած վերջին տեղեկությունների համաձայն՝ կատարողը ձերբակալված է, սակայն հետագա մանրամասները պետք է հայտնի ներքին գործերի նախարարությունը»,- հայտնում է պորտալը։
Աֆղանստանի հանրապետական կառավարության օրոք Թախար նահանգի ոստիկանության նախկին պետ Սարին և Ալմասը գնդակահարվել են 2025 թվականի դեկտեմբերի 24-ին Թեհրանի Վալի Ասր թաղամասում՝ իրենց գրասենյակի մոտ, որտեղ նրանք իրավաբանական օգնություն էին ցուցաբերում Աֆղանստանից փախած զինվորականներին։ Սպանությունը կտրուկ արձագանք է առաջացրել աֆղանական «Թալիբանին» ընդդիմադիր խմբավորումների շրջանում։ Այսպես, Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը, վտարանդի «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցությունը և Աֆղանստանի ազատության ճակատը մեղադրել են «Թալիբան» շարժմանը այս պատվիրված սպանությունը կատարելու մեջ։ Նրանք կոչ են արել Թեհրանին «լուրջ և թափանցիկ» հետաքննություն անցկացնել և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։
Մալեքին նաև հայտարարել է, որ «նշանների մեծ մասը մատնանշում են, որ միջադեպը ծրագրվել է Իրանի սահմաններից դուրս»՝ հավելելով, որ, իր կարծիքով, քիչ հավանական է, որ կասկածյալը գործած լինի անձնական դրդապատճառներով։ Նա հայտնել է, որ որոշ տվյալներ վկայում են այն մասին, որ գործողությունը ներառել է պլանավորում և համակարգում։ Այնուամենայնիվ, նա ուղղակիորեն չի մեկնաբանել թալիբների մասնակցության վերաբերյալ մեղադրանքները։