Մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պառակտող չի համարում Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ուղղությամբ իրականացվող քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը նշեց, որ եկեղեցու և ժողովրդի միջև պառակտումը տեղի է ունեցել շատ ավելի շուտ:

«Հայաստանի ժողովուրդը հեռացված է եկեղեցուց, որովհետև եկեղեցու վերնախավի գործելակերպը եկեղեցին ժողովրդից մեկուսացնելու մասին է: Այս պրոցեսը մարդկանց ավելի շատ է տանում պատարագների, նույնիսկ ընդդիմադիր գործիչները խորան են բարձրանում, պատարագի են մասնակցում, սարկավագ են դառնում: Մեր խնդիրն է՝ վերականգնել ժողովրդի և եկեղեցու միասնությունը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև հունվարի 6-ին իր հրավիրած ուխտերթին և նշեց, որ այն, իր կարծիքով, բավականին մարդաշատ է եղել:

«Այնտեղ կային պետական պաշտոնյաներ, քաղաքացիներ, զոհվածների մայրեր էին ինձ մոտեցել երթի ժամանակ, մարզերի բնակիչներ, մարդիկ կային, որ արտերկրից էին եկել ուխտերթին մասնակցելու: Պետական ապարատի աշխատողներն այդ երթին մասնակցողների ճնշող փոքրամասնությունն են եղել»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ երթի մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել են պետական ապարատի աշխատակիցները:

 

Leave a Comment