
«Պետական որոշակի ատրիբուտներ կան, որ պարտավոր ենք պահել և այդ ատրիբուտները պահելը մեր անձնական քմահաճույքի հարց չի, այլ պետական արարողակարգերի հարց է, և մենք պետք է փորձենք այդ ատրիբուտները մաքսիմալ պահել»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ծառայողական մեքենաների համարանիշի փոփոխության վերաբերյալ հարցին։
«Համարանիշի փոփոխությունը տեղի է ունեցել հետևյալ տրաբանությամբ՝ որոշակի ինդիկացիա է եղել, որ գործող համարանիշի վրա գրվող ՍՍ տառերը արձանագրվել են որպես Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառեր, մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, այսինքն՝ ես էլ հիմա չպիտի գրեմ՝ «ՆՓ 001»։ Այս դեպքում պետական ընտրության հարց է, դա արվել է, որպեսզի արարողակարգային նրբությունները ճշգրտորեն պահպանվեն»,- պարզաբանել է Փաշինյանը։
Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրված չզեկուցվող հարցերից մեկով առաջարկվել է ՀՀ վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի համարանիշի «001UU» թվերի և տառերի հավաքածուն փոխարինել միայն «1» թվով»։ Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել միջազգային փորձը։