Փաշինյանը՝ Կառավարության կողմից արտոնություններ ստացող ընկերությունների մասին

Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ կան ընդդիմադիր պատգամավորներ կամ քաղաքական գործիչներ, որոնց գոնե մեկ բարեկամ չի օգտվել գերակա ոլորտում մաքսային արտոնության՝ կառավարության տրամադրած մեխանիզմից:

Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, որ Կառավարությունը պարբերաբար արտոնություններ է տրամադրում գործող իշխանության ներկայացուցիչների հետ կապեր ունեցող գործարարներին:  

«Հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են, այդ թվում՝ ընդդիմության հետ կապված ու չկապված գործարարներ: Այս մեխանիզմը գործում է 2016 թվականից ու գործում է ինքնաշխատ եղանակով: Գործարարներն իրենց տվյալները լրացնում են ու դիմում են արտոնության համար, եթե այդ տվյալները համապատասխանում են իրականությանը, Կառավարությունն իրավունք չունի այդ արտոնությունը չտալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ իշխանության հետ կապվող գործարարներին պատկանող ընկերությունները այդ արտոնությունները ստացողների 2-3 տոկոսն են կազմում:

Leave a Comment