Եթե մենք, օրինակ, 20 000 դրամով բարձրացնենք թոշակը, միևնույն է, խնդիրները չեն լուծվելու. Փաշինյանը՝ թոշակառուի տան ջեռուցման խնդրի մասին (ՎԻԴԵՈ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության այս տարվա անդրանիկ նիստում  անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին և օրինակ բերել. ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության այս տարվա անդրանիկ նիստում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացման հարցին և օրինակ բերել։


«Ինձ մոտ շատ տպավորել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ թոշակառուն ասում էր, որ Կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։


«Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և այդ առնչությամբ հետևություններ արել։


«Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրաէներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով և այդպես շարունակ»,-նշել է նա:


Նրա խոսքով, պետք է փորձել ծախսել ավելի քիչ և ներդրումներ անել, որպեսզի տունը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի։


«Մենք սովորաբար ի՞նչ ենք անում։ Ասում ենք՝ դե 27000 դրամը քիչ է տունը տաքացնելու համար, եկեք ծախսենք 35.000 դրամ, բայց,մեկ է, 35.000 դրամով էլ տունը չի տաքանում, որովհետև տունը տաքացնելու համար մենք, ընդհակառակը, պետք է մեծ հաշվով փորձենք ծախսել ավելի քիչ, ասենք 18.000 դրամ և ներդրումներ անենք, որպեսզի տունը, բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»,– եզրափակել է նա։



Leave a Comment