Բացի հոգնությունից, նրանց ուրիշ ոչ մի բան չի սպասվում. վարչապետը՝ սահմանադրական կարգը խախտելու մեղադրանքների մասին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց այն մեղադրանքներին, թե 10 եպիսկոպոսների հետ հայտարարություն ստորագրելով՝ խախտել է սահմանադրական կարգը։ Նա մեղադրանքները որակեց «փարիսեցիություն» և հայտարարեց, որ դրանք որևէ հիմք չունեն։


Վարչապետը դիմեց իրեն մեղադրողներին՝ մեջբերելով 63-րդ Սաղմոսից մի հատված։


 


«Ինչ վերաբերում է ձեր մեղադրանքներին, 63-րդ սաղմոսը այդ հարցի պատասխանը տալիս է:


«Անօրենություն փնտրեցին, հոգնեցին փնտրելուց և քննելուց»,- ասաց նա՝ հավելելով, որ իրեն մեղադրողներին «բացի հոգնությունից, ուրիշ ոչ մի բան չի սպասվում»։ 


 

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է Համակարգող խորհուրդ, որին վերապահվում են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել Համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման օրակարգին:


 

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։


 

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։

Դիտումների քանակ13

Leave a Comment