Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամանորի գիշերը մի շարք բնակավայրերում հոսանքազրկումների պատճառը համարում է նախորդ շրջանում ՀԷՑ-ի սեփականատերերի կողմից ներդրումային պարտավորությունները չկատարելն ու սխալ կառավարումը:
Այս մասին վարչապետը նշեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Այն գործընթացները, որ վերջին ամիսներին դուք տեսել եք՝ սկսած մայիսից, հենց դրա արդյունքն են, որ ՀԷՑ-ը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները և, մասնավորապես, Հայաստանի մարզային բնակավայրերում: Եվ 6 ամսվա ընթացքի պրոցեսները, եթե տեղի չունենային, հոսանքազրկված բնակավայրերի թիվը կլիներ 3 անգամ ավելի, և ես հիմա շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այդ ամենն արվում էր Հայաստանում քաղաքական դժգոհություններ գեներացնելու համար՝ թաքնված լինելով Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներից մեկի թիկունքում»,- նշեց վարչապետը:
Նա նշեց, որ Ռոմանոս Պետրոսյանի, իր գործընկերների և մեր մյուս գործընկերների գործունեության արդյունքում պարզվեց, որ ՀՀ-ում չկա գոնե մի ընտանիք, որից ՀԷՑ-ը նախորդող շրջանում փող չի գողացել։