8 հունվարի 2026 – 13:10 AMT
PanARMENIAN.Net – Հունվարի 1-ից բացառապես ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում քաղաքացիները կստանան հետվճար՝ 2%-ի չափով:
Անդրադառնալով այդ որոշմանը՝ Amicus Legal Consulting ընկերության հիմնադիր Հայկ Ղազարյանը նշել է, որ այն շատերի համար ընկալվում է որպես դրական նախաձեռնություն, սակայն գերակշիռ մեծամասնության համար քեշբեքի չափը ամսական չի գերազանցի 2-3 հազար դրամը, հայտնում է Panorama.am-ը:
«Դրա դիմաց բոլորս ստանում ենք լրջագույն ռիսկեր»,-ահազանգել է նա:
Հիշեցվել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշմամբ՝ քաղաքացիները կարող են ստանալ 2% հետվճար՝ եթե կատարում են անկանխիկ գնումներ բացառապես ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով։
Իրավաբանը մանրամասնել է, որ, ըստ որոշման, «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (նույն ինքը ARCA-ն) յուրաքանչյուր ամիս էլ.փոստով ֆինանսների նախարարություն է ներկայացնում հաշվետվություն, որը «ներառում է յուրաքանչյուր շահառուի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն՝ շահառուի անձնական տվյալների ապանձնավորմամբ»։ Փաստաթղթում նաև նշվում է, որ շահառուին տրամադրվում է յուրահատուկ նույնականացման համար և գաղտնագրման բանալիները նախարարությանը չեն տրամադրվում։
«Առաջին՝ որոշումը որևէ կերպ չի հիմնավորում, թե ընդհանրապես ինչ նպատակով է նախարարությունը ստանում քաղաքացիների քարտային գործարքների մասին տվյալներ: Կարելի էր ենթադրել, որ սա արվում է քեշբեքի՝ պետության մասնաբաժինը հաշվարկելու համար (քեշբեքի 50% վճարում է պետությունը, 50%-ը ARCA-ն), ինչը միևնույն է անընդունելի կլիներ, բայց նույն որոշման մեջ նշված է, որ քեշբեքի հաշվարկը իրականացնում է ոչ թե պետությունը, այլ ARCA-ն: Այսինքն, կառավարության այս որոշումը չբացահայտված նպատակով պարտադրում է ARCA-ին յուրաքանչյուր ամիս քաղաքացիների քարտային գործարքների տվյալները փոխանցել Ֆինանսների նախարարություն:
Երկրորդ՝ չնայած գործ ունենք մաքսիմալ զգայուն և օրենքով որպես գաղտնի որակված բանկային տվյալների հետ, որոշումը չի հստակեցնում, թե ինչ ծավալի և տեսակի տեղեկատվություն է տրամադրվում Ֆինանսների նախարարությանը (գործարքների ընդհանուր ծավալի, յուրաքաչնուր գործարքի ծավալի, նկարագրությամբ թե այլ): Իհարկե խոսք չկա նրա մասին, թե ինչ բնութագրերով էլ.փոստ է դրա համար օգտագործվում, նախարարության որ պաշտոնյաներն ունեն հասանելիություն այդ տվյալներին, ինչպես և ինչ ժամկետով են այդ տվյալները պահպանվում Ֆինանսների նախարարությունում:
Մի պահ խորանանք, խոսքը բոլորիս բանկային գործարքների մասին է: Այո, դրանք ապանձնավորված են, բայց փաստացի քաղաքացիների բանկային գործարքների մասին տվյալները արդեն լինելու են Ֆինանսների նախարարության տիրապետման տակ (սա աննախադեպ է), իսկ դրանց ամբողջությամբ բացահայտման և պաշտպանությանության միջև առկա է ընդամենը գաղտնազերծման բանալի: Թե ում են հասանելի այդ բանալիները ARCA-ում, ինչպես են դրանք պահպանվում և ինչքանով են պաշտպանված պետության հնարավոր ճնշումներից մեր այսօրվա իրականությունը հաշվի առնելով, կարելի է միայն գուշակել: Փաստն այն է, որ հունվարի 1-ից մեր բոլորի բանկային գործարքների մասով տվյալները փոխանցվելու են պետական կառույց:
Ավելին, նույնիսկ առանց անունների բացահայտման, գործարքների ծավալներն ու օրինաչափությունները ցանկության դեպքում կարող են թույլ տալ անուղղակի նույնականացնել մարդկանց, հատկապես այլ արտահոսած տվյալների հետ համադրման դեպքում։
Ամփոփելով՝ եթե դուք օգտվում եք ARCA քարտերից, ուզում եք օգտվել քեշբեքից թե չեք ուզում, դա կառավարությանը չի հուզում, ամեն ամիս ձեր ARCA քարտով կատարված գործարքների մասին տվյալները գնալու են Ֆինանսների նախարարություն»,-խնդիրը ներկայացրել է իրավաբանը։