Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը փորձաշրջան կանցնի Գրոզնիի «Ախմատում»։
Ռուս հայտնի ինսայդեր Իվան Կարպովը հայտնել է, որ 24-ամյա ֆուտբոլիստը Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմի կազմում կմասնակցի թուքական Բելեկում կայանալիք հավաքին։ Հունվարի 13-ին «Ախմատը» ստուգողական հանդիպում է անցկացնելու սերբական «Նովի Պազարի» հետ, իսկ հունվարի 18-ին՝ «ՕՖԿ Բելգրադի» հետ։
Վալերի Ծառուկյանը 2024 թվականից է խաղում «Պարի Նիժնի Նովգորոդում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 6 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Ավելի վաղ Վալերի Ծառուկյանը հայտարարել էր, որ ցանկանում է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։