Արցախից բռնի տեղահանված 4066 ընտանիք ստացել է բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր, որից 1768-ն է միայն իրացրել այն. ԱՍՀՆ

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768֊ն արդեն իրացրել է հավաստագիրը։Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

. բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

. անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

. գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝

. տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո,

. ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

. չունեն սեփականություն,

. չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Leave a Comment