8 հունվարի 2026 – 12:47 AMT
PanARMENIAN.Net – ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի և «Անտիֆեյք» լրատվականի խմբագրի։ Հայցադիմումն, ըստ ամենայնի, ներկայացվել է՝ Էդգար Ղազարյանի հեղինակային «Ղազարյան VS Ղազարյան» հաղորդաշարում՝ Ռոմանոս Պետրոսյանին «հյուրընկալելու» վերաբերյալ թողարկումից հետո:
Ըստ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկության՝ հայցով Պետրոսյանը պահանջում է պարտավորեցնել դատարանին՝ ներողություն խնդրել և հերքել նախագծի թողարկման մեջ տեղ գտած տեղեկությունները, հեռացնել դրանք, ինչպես նաև՝ փոխհատուցում տրամադրել, սակայն գումարի մասին տեղեկությունը առայժմ հասանելի չէ։ Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին, հայտնում է «Փաստինֆոն»:
Էդգար Ղազարյանն ասել է, որ դեռևս հայցը չի ստացել և հստակ չգիտի՝ ինչի հիմքով է այն ներկայացվել։ Նա ենթադրում է, որ հարցը վերաբերում է նշված հաղորդման շրջանակում իր մեկնաբանություններին, սակայն ընդգծել է, որ «տեսանյութում ոչ վիրավորանք կա, ոչ զրպարտություն, մեկ երկու տեղ անգամ «անտեղի գովում է», իսկ թե ինչն է նրան ոտքի հանել՝ պարզ կլինի հայցը ստանալուց հետո»։
Ղազարյանը նշել է, որ միջազգային ճնշումների ներքո վիրավորանքի ապաքրեականացումից հետո անցում է կատարվել քաղաքացիական հայցերի գործնական կիրառմանը՝ ընդդիմախոսների հանդեպ ճնշում գործադրելու համար։
«Իրենք և՛ ձերբակալություններ են իրականացնում, և՛ քրեական գործեր են հարուցում, որտեղ հնարավոր չէ, ապա քաղաքացիական հայցերով են դիմում՝ մեծ ֆինանսական բեռով։ Այս ամեն ինչի նպատակը հենց ընտրություններն են, որքան մոտենան 2026թ․ ընտրությունները, այդքան ավելի ագրեսիվ են դառնալու նրանք։ 2026թ ընտրություններ, որպես այդպիսին, չեն լինելու, ընտրություն լինում է, երբ հավասար պայմաններ են։ Հիմա, եթե Ալեն Սիմոնյանը որևէ մեկին վիրավորում է, որևէ գործողություն իրականացվո՞ւմ է։
Ալեն Սիմոնյանն ինձ չի ընդունել, իր օգնականն ասում է՝ ընդունելության չեն արժանացնում՝ որպես քաղաքական գործիչ, այսինքն, ակնհայտ հանցանք են գործել, հաղորդում եմ ներկայացրել դատախազություն, որևէ վարույթ չեն նախաձեռնել, եթե որևէ այլ ընդդիմադիր անձ լիներ, ապա անմիջապես կնախաձեռնեին։ Կամ, օրինակ, ՔՕ-ում հստակ գրված է, որ կրոնական կազմակերպության գործունեությանը միջամտելը հանցագործություն է, Տավրոս Սափեյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, կանգնել է եկեղեցու դիմաց, թույլ չի տալիս հոգևորականը մտնի՝ ծես անցկացնելու, ասում է՝ այս ինչ անձը պետք է ծես անի, համայնքապետին ո՞վ է նման լիազորություն տվել, պարզ է, չէ, որ եթե ընդդիմադիր քաղաքապետ լիներ, ապա մեկ ժամ անց ձերբակալելու էին։ Սա ընդհանուր մոտեցում է»,-ասել է Ղազարյանը: