Հալեպում բախումների հետևանքով հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ շրջանները նյութական վնասներ են կրել, հայտնում է տեղում լույս տեսնող «Գանձասար» հանդեսը:
Ըստ պարբերականի՝ վիրավորներ չկան:
«Ներկայումս Հալեպում զգուշավոր հանդարտություն է տիրում: Երբեմն լսվում են կրակոցների ձայներ: Սննդամթերքի խանութները, հիվանդանոցները բաց են», – ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ բանակը մինչև ժամը 13։00-ը թույլ է տվել Շեյխ Մաքսուտի և Աշրաֆիեի բնակչությանը դուրս գալ այդ շրջաններից:
Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր կառավարական ուժերի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
Ազգային առաջնորդարանի դիվանը հունվարի 7-ին հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ կշարունակի գործունեությունը քաղաքում:
