2025թ վերջում Բրյուսելում հայտարարվեց ՀՀ-ԵՄ ռազմավարական նոր օրակարգի մասին, ինչը ենթադրում է հարաբերությունների ավելի սերտացում։ ԵԱՏՄ անդամ Հայաստանի համար ԵՄ ինտեգրացիոն ճանապարհը ի՞նչ մարտահրավերներ է պարունակում և ի՞նչ հնարավորություններ կարող է ընձեռել։ Այս հարցերն օր-օրի ավելի հրատապ են դառնում։ Տնտեսագետները «Ռադիոլուրի» հետ զրույցում հուշում են, որ տնտեսությունը կտրուկ շրջադարձեր չի սիրում և, որ բնականոն զարգացումներ են հարկավոր: ՀՀ վարչապետը, մինչդեռ, խոսում է բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելու մասին։
Տնտեսությունը կտրուկ շրջադարձեր չի սիրում, օրգանական զարգացում է հարկավոր, ասում են տնտեսագետները։ ԵՄ տնտեսական ինտեգրացիայի ճանապարհով ընթացող ԵԱՏՄ անդամ Հայաստանը հեշտ և շուտ չի կարողանա համապատասխանել ԵՄ չափանիշներին, բացատրում է փորձագետը․
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Տաթև Վարդանյան․ «Տնտեսությունը կտրուկ, հեղափոխական ոչինչ չի սիրում և ոչ լավ համատեքստում է արձագանքում այդպիսի փոփոխություններին։ Տնտեսություն մեջ փուլային էվոլյուցիոն զարգացման, ավելի առողջ հարաբերությունների կառուցման մոտեցումն է ընդունելի, և եթե նույնիսկ մենք վաղը արթնանանք և լինենք ԵՄ անդամ, դա այս պահին մեր տնտեսության կարողությունների համատեքստում ավելի շատ մեր տնտեսությանը գոնե որոշակի առումով, այս փուլի առումով ավելի շատ վնաս կարող է հասցնել, քան օգուտ, եթե մենք այդ փուլային անցումը չանենք դեպի ԵՄ շուկաներ, այսինքն, մեր տնտեսության կարողությունները, մեր տնտեսության արտադրողականությունը, մրցունակությունը չհասցնենք այն կետին, որ կարողանանք ԵՄ շուկաներին օրգանիկ ինտեգրվել։ Մեզ համար դա լրջագույն ցնցում է լինելու»։
Այս տարվա դեկտեմբերի սկզբին Բրույսելում հայտարարվեց ՀՀ-ԵՄ ռազմավարական նոր օրակարգը։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վստահեցրեց, որ աջակցելու են Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային։
Ավելի ուշ այս թեմայի մասին խոսեց նաև ՀՀ վարչապետը, երբ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվելուց հետո մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան․ «Ես այստեղից մեկնում եմ Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեմ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Մենք խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և ես այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Կա՞ անհամատեղելիություն, թե՞ չկա, եթե ակնհայտորեն՝ չկա, որովհետև երկուսն էլ իրականության մեջ տեղի է ունենում, երբ կգա այն պահը, որ մենք կհասկանանք, որ կա անհամատեղելիություն, այդ ժամանակ կմտածենք ինչ որոշում կայացնենք»։
ԵԱՏՄ և ԵՄ տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերներն ու առկա հնարավորությունները հասկանալու համար թերևս պետք է որոշ թվերով ներկայացնել պատկերն ու վերհիշել, որ դեռ 2010 թվականին ՀՀ-ԵՄ միջև ընթանում էին ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ։ Դրանք ներառում էին նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծում։ 2013թ-ի սեպտեմբերի 3-ին, սակայն, Հայաստանը կտրուկ շրջադարձ կատարեց դեպի Եվրասիական մաքսային միություն, հետագայում էլ ԵԱՏՄ։ Այսպիսով, ըստ էության, դադարեցվեց եվրաինտեգրման գործընթացը։ 2015թ. սկզբին Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵԱՏՄ լիիրավ անդամ և մուտք ստացավ միասնական մաքսային տարածք։
Երկու տարի անց ԵՄ հետ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հնարավորություն տվեց համագործակցելու շուրջ 30 ոլորտում։
Տնտեագետ, «Սոցիալ -տնտեսական զարգացման կենտրոնի» համահիմնադիր, ղեկավար Գագիկ Մակարյան․ «Հայաստանը ինչու՞ է հաջողությամբ ԵԱՏՄ կարողանում տեղավորվել և հատկապես Ռուսաստանի հետ իր տնտեսական հարաբերությունները զարգացնել, որովհետև Հայաստանի արտադրանքների որակը, քանակները և մատակարարման ռիթմերը այնքան էլ հաճախ մրցունակ չեն ԵՄ համար։ ԵՄ ավելի բարձր որակներ է նախընտրում, որոնք պետք է լինեն ապացուցված միջազգային ստանդարտներով և հավատարմագրված լաբորատորիաների ստուգումներով, բացի այդ պետք է լինի մատակարարման ռիթմիկ սխեմա։ Դա պետք է լինի լոգիստիկաներով ապահովված, հետևաբար և նաև քանակապես։
2009-2022թթ. Հայաստանին հնարավորություն տրվեց օգտվելու ԵՄ GSP+համակարգից, ինչը արտոնյալ առևտրային պայմաններ էր ստեղծում։ Այդպիսով հայկական շուրջ 6000 ապրանքատեսակի արտահանումը դեպի ԵՄ շուկա իրականացվում էր նվազեցված կամ առանց մաքսատուրքերի, ինչը զգալիորեն բարձրացնում էր հայկական արտադրանքի մրցունակությունը եվրոպական շուկայում։
GSP+ համակարգի կիրառումը Հայաստանի նկատմամբ հնարավորություն տվեց զարգացնելու տնտեսությունը և դիվերսիֆիկացնելու արտաքին առևտուրը։
Այդպիսով, 2014-2024թթ ՀՀ արտաքին առևտուրն ընդհանուր առմամբ կայուն տեմպով աճել է։
Առևտրաշրջանառությունն աճել է գրեթե 5 անգամ՝ 2024թ. կազմելով ավելի քան 30 մլրդ դոլար՝ 2012թ. մոտ 6 մլրդ դոլարի համեմատ։ Այդ ընթացքում ՀՀ-ից արտահանումն աճել է ավելի քան 9 անգամ՝ 1.5 մլրդից մինչև 13 մլրդ դոլար, ներմուծումը՝ մոտ 4 անգամ՝ 4.5 մլրդից մինչև 17 մլրդ դոլար։ Դա վկայում է արտաքին պահանջարկի և ներմուծվող ապրանքների նկատմամբ սպառողական ու արտադրական պահանջարկի կայուն աճի մասին
Տնտեսագետ Տաթև Վարդանյան․ «Եթե համեմատենք 2014- 2024 թվականի մեր ապրանքաշրջանառությունը՝ ընդհանուր առմամբ դրական ազդակներ կարող ենք արձանագրել, որովհետև մեր արտահանումը մոտ 9 անգամ է աճել, իսկ ներմուծումը 4 անգամ է աճել։ Օրինակ 2024 թ-ին մեր ապրանքաշրջանառությունը մոտ 30 միլիարդ դոլար է կազմել։ Բայց փուլային վերլուծությունը բավականին ոչ առողջ ազդակներ է ի հայտ բերում։ Ինչու՞ որովհետև հատկապես 2022 թվականի ռուս-ուկրաինական ընթացիկ հակամարտությունից հետո մեր առևտրի ինչպես ապրանքային, այնպես էլ աշխարհագրական կառուցվածքը բավականին լուրջ փոփոխությունների ենթարկվեց։
2014-2020 թվականներին արտահանման և ներմուծման ցուցանիշները փոփոխվել են համեմատաբար դանդաղ տեմպերով, սակայն 2021 թվականից հետո երկու ուղղություններով էլ արձանագրվել է կտրուկ աճ։ 2024 թվականին ներմուծման ծավալը հասել է շուրջ 17 միլիարդ դոլարի, իսկ արտահանման ծավալը՝ մոտ 13 միլիարդ դոլարի։
Գագիկ Մակարյան․ «Հայաստանի սննդամթերքը դեպի ԵԱՏՄ գնացող, դրանք հիմնականում պահածոներ են, մուրաբաներ, չրեր, գինիներ, կոնյակ, մրգային օղիներ և որոշ քանակով նաև կարող է լինեն սննդի այլ տեսակներ։ Իսկ ԵՄ արտադրում է շատ մեծ սանդղակով, շատ ավելի լավ դիզայնով և որակապես և լավ փաթեթավորված ապրանքներ»։
Տաթև Վարդանյան․«Դեպի ԵՄ հիմնականում թանկարժեք քարեր ենք նաև արտահանում, հատկապես դեպի Բելգիա ադամանդների արտահանումն է։ Դեպի ԵԱՏՄ արտահանում ենք նաև ալկոհոլային խմիչքներ։ Այսինքն` ուղղությունը հիմնականում քիչ ծավալով բարձր նիշային ապրանքներն են, իսկ դեպի ԵԱՏՄ ապրանքախմբերի ուղղությունը արդեն ավելի մեծ ծավալով ավանդական ուղղություններն են»։
Դեպի ԵՄ երկրներ լոգիստիկ խնդիրներ կան նաև, տնտեսագետները խոսում են բեռնափոխադրումների ծախսատարության մասին․ «Մեր տրանսպորտային լոգիստիկաները դեռևս այսօր կարգավորված չեն, օրինակ` դեպի Ռուսաստան, եթե գնում են Վերին Լարսով և ապագայում եթե խոսենք Ադրբեջանի հնարավորությունները օգտագործելու մասին կամ Վրաստանով մտնել, Ադրբեջանով երկաթգծով գնալ, կամ ապագայում ասենք TRIPP ուղի կառուցվի և այլն։ Բայց ԵՄ որևէ ապրանք ուղարկելու համար մենք պետք է գնանք կամ Սև ծովի նավահանգիստներից օգտվենք, վրացական ու այնտեղից դեպի Թուրքիա, Թուրքիայից դեպի ԵՄ, կամ ավտոտրանսպորտով պետք է գնան, ուրեմն Թուրքիայի տարածքով մտնեն Եվրոպա, կամ պետք է գնան Ռուսաստանի տարածքով, այնուհետև դեպի Ուկրաինայով կամ Բելառուսով փորձեն մտնել Եվրոպա։ Բավականին երկար է, խրթին, նաև սանկցիաների պատճառով ոչ միշտ հնարավոր։ Սևծովյան ավազանն էլ հիմա պատերազմի պատճառով գտնվում է որոշակի ռիսկերի ներքո` ռազմակոծության և այլն»։
Ամենաբարդ հարցը թերևս այն է, թե երբ Հայաստանը պատրաստ կլինի և կհամապատասխանի ԵՄ տնտեսական չափանիշներին։ Տնտեսագետները կարծում են, որ շատ մեծ ներդրումների դեպքում գուցե հինգ տարում էլ հնարավոր լինի համապատասխանել ԵՄ չափանիշներին, սակայն բնական էվոլյուցիոն ճանապարհով գնալու դեպքում անհրաժեշտ կլինի թերև 30 տարի։