Ադրբեջանից ՀՀ նաև ռեգուլյար տեսակի բենզին և դիզել է գալիս. Պապոյան – Armenia Today

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հաստատել է ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությունը, ըստ որոնց՝ Բաքուն դեպի Հայաստան նավթամթերքի նոր մատակարարումներ է իրականացրել։

Պապոյանը նշել է, որ մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, այս անգամ պրեմիումից բացի, այլ տեսակներ կան։

«Այս անգամ և՛ պրեմիում կա, և՛ ռեգուլյար, և՛ դիզել։ Նախնական գնահատականներով՝ այս անգամ նույնպես գինը պետք է մեր իմացած շուկայականից մոտ 80 դրամ էժան լինի»,- տեղեկացրել է Պապոյանը։

Վերջինս հայտնել է, որ վառելիքի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի մոտակա օրերին։ Նախարարն առանց անվանումներ նշելու հավելել է, որ ներմուծումն իրականացնում են նույն ընկերությունները։

Պապոյանը շեշտել է, որ գործընթացը այնքան է ընկած «ռելսի վրա», որ «այլևս այդ պրոցեսով չի զբաղվելու»։

Պապոյանը 2025-ի դեկտեմբերի 19-ին հայտնել էր, որ Ադրբեջանից Հայաստան է մուտք գործել 1300 տոննա A95 բենզին հայ-վրացական սահմանին գտնվող Այրում կայարանով: Վառելիքը մատակարարվել էր Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղով՝ 22 երկաթուղային վագոնով: 2026-ի հունվարի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հաջորդ խմբաքանակը։

Leave a Comment