ՀՀ կառավարությունը հունվարի 8-ի նիստում հաստատել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը։
2026 թվականի ընթացքում պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն հետևյալ ժամկետներում՝ փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը, մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը, ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը, հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը, օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը, սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը, ինչպես նաև սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։
Որոշմամբ սահմանվում է, որ վարժական հավաքները նպատակ ունեն պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործումը, մասնագիտական վերապատրաստումն ու պատրաստումը, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստումը, ինչպես նաև մարտական հերթապահության ներգրավումը։ Միևնույն ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի վարժական հավաքներին կարող է ներգրավվել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով։
2025-ի ապրիլին կառավարությունը հավանություն էր տվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի և պահեստազորային պատրաստության հրապարակային ծանուցման նախագծին, որով վարժական հավաքներից խուսափելը կպատժվի ոչ թե առավելագույնը 2, այլ մինչև 3 տարի ժամկետով, իսկ տուգանքը կարող է տատանվել նվազագույն աշխատավարձի (75 հազար դրամ) տասնհինգապատիկից մինչև երեսնապատիկի չափով։
