Փաստաբան. Խաչիկ Գալստյանի կալանավորումը բացահայտ քաղաքական է, կալանքի որոշումը կբողոքարկվի

Փաստաբան. Խաչիկ Գալստյանի կալանավորումը բացահայտ քաղաքական է, կալանքի որոշումը կբողոքարկվի

8 հունվարի 2026 – 11:04 AMT

PanARMENIAN.Net – «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ Գալստյանի կալանավորումը բացահայտ քաղաքական է, ուժի ցուցադրման նպատակ ուներ, հայտնում է «Փաստինֆոն»:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է 1,5 ամիս առաջ` նոյեմբերին, Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ, իբր, ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեջ: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։

Խաչիկ Գալստյանին կալանավորելու որոշման դեմ առաջիկա օրերին բողոք կներկայացվի: Բաբայանն ընդգծել է, որ կալանավորման հիմքերը բացակայում են, ավելին, Հակակոռուպցիոն քրեական դատարանը, դիտարկելով մեկ հիմքը, հերքել է՝ հենց իր որոշմամբ։ Փաստաբանը նշել է, որ եթե անգամ դատարանի որոշմամբ նշված ռիսկն իրական լիներ, ապա այլընտրանքային խափանման միջոցներն ամբողջությամբ բավարար էին՝ այն կանխելու համար, հետևաբար, դատարանն անհիմն կիրառել է ամենախիստ խափանման միջոցը։

«Ակնհայտ է, որ այս հետապնդումը բացառապես քաղաքական է, որ Գալստյանը քաղաքական բանտարկյալ է։ Դրա ամենապարզ փաստերն այն են, որ այս գործողություններն իրականացվել են վնասելու, պատժելու նպատակով, այսինքն՝ դեկտեմբերի 30-ին՝ Ամանորից մեկ օր առաջ, խուզարկություններով ձերբակալում են, կալանավորում, թույլ չեն տալիս, որ Ամանորն իր տանը՝ ընտանիքի, անչափահաս որդու հետ դիմավորի։ Եթե անգամ այն հիմքը, համարենք, որ դատարանը ճիշտ է գնահատել, ապա դա կարելի էր զսպել անգամ ոչ թե տնային կալանքով, այլ ավելի մեղմ խափանման միջոցով, բայց գոնե տնային կալանք կիրառեին, որ պարոն Գալստյանն իր տանը դիմավորեր Ամանորը՝ ընտանիքի հետ»,- նշել է Բաբայանը։

Բաբայանն ընդգծել է, որ Գալստյանը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով դրա հորինված լինելը։ Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցությունը երբեք առնչություն չի ունեցել ընտրակաշառքի հետ և մշտապես հակադրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններին։

«Զուտ քաղաքական ուժին որոշակի ուժ ցույց տալու, Արթուր Վանեցյանին ինչ-որ բան հասկացնելու մեթոդ էր՝ հաշվի առնելով, որ Արթուր Վանեցյանի՝ հատկապես վերջին հարցազրույցները բավականին կոշտ էին իշխանությունների հասցեին»,- նշել է Բաբայանը:

Նա հավելել է, որ դեռևս նոյեմբերին այս իշխանությունները ցույց տվեցին, որ արդեն պատրաստվում են 2026թ․ ընտրություններին, ընդ որում, այդ պատրաստության մեջ կարելի է դիտարկել նաև իրավական բոլոր տեսակի սահմաններն անցած «բեսպրեդելը», որը սկսել է դեռ 2018թ․, իսկ այսօր ում որ մտքով անցնում է՝ կալանավորում են:

«Սա ընտրությունների նախաշեմին ուժ ցույց տալու համար է, որ ում ուզեն՝ կկալանավորեն, որ բոլոր քաղաքական գործիչներն ականջին օղ անեն՝ կկալանավորվեն»,-ասել է փաստաբանը:

Երբ լրագրողը հարցրել է՝ արդյոք նման մեղադրանքների ներկայացումը նպատակ չունի նաև վարկաբեկելու քաղաքական գործչին, Բաբայանը հղում է արել Արշակ սրբազանին վերագրված մեղադրանքին, որի օրինակով, իր համոզմամբ, հստակ երևում է իշխանությունների մոտեցումը:

«Այո, սա ենթադրում է, որ ուժ են ցույց տալիս նաև՝ վարկաբեկելով, դա էլ է ուժի ցուցադրության ձև, որ ինչ ուզեն՝ կանեն։ 10 եպիսկոպոսի հետ տեսանք, թե ինչպես վարվեցին, բնականաբար, ամեն մեկի վերաբերյալ ինչ-որ բան ունեին կամ հնարել էին»,- նշել է փաստաբանը։

Ինչ վերաբերում է գործով առկա տվյալներին, ապա Բաբայանը չի մանրամասնել՝ կան արդյոք ցուցմունքներ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Գալստյանի դեմ։ Միևնույն ժամանակ ընդգծել է, որ Գալստյանի մասնակցությամբ որևէ քննչական կամ վարութային գործընթաց տեղի չի ունեցել և չկա որևէ փաստ, որը կապ կցուցադրի նրա և ընտրակաշառքի միջև։

Leave a Comment