Վենեսուելայի իշխանությունները հայտնել են ԱՄՆ-ի ռազմական գործողության հետևանքով 100 զոհի մասին

Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելոն հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու և ձերբակալելու ԱՄՆ-ի գործողության հետևանքով զոհվածների և վիրավորների մասին տվյալները, փոխանցում է Interfax-ը:

«Այս պահի դրությամբ զոհվել է 100 մարդ։ Եվ մոտավորապես նույնքան վիրավոր կա», – ասել է Կաբելոն:

Ընդ որում, նրա խոսքով, զոհվածները «հակամարտության հետ կապ չեն ունեցել»՝ խաղաղ բնակիչներ են, կանայք, որոնք գտնվել են իրենց տներում:

Վենեսուելայի բանակը հրապարակել էր նաև 23 զոհված զինծառայողների ցուցակը:

Կուբայի կառավարությունը ևս հայտնել է Վենեսուելայում 32 կուբացիների մահվան մասին ԱՄՆ-ի գործողության ժամանակ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մադուրոյին հսկում էին կուբացիները:

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործողության ընթացքում ամերիկացի ոչ մի զինծառայող չի զոհվել, թեև ոմանք վիրավորվել են:

ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլյա Ֆլորեսին, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:

Leave a Comment