ՀԱԵ Բարենորոգման խորհուրդը ողջունել է նախաձեռնությանը միանալու Շվեյցարիայի թեմի տեղապահի որոշումը

ՀԱԵ Բարենորոգման խորհուրդը ողջունել է նախաձեռնությանը միանալու Շվեյցարիայի թեմի տեղապահի որոշումը

7 հունվարի 2026 – 19:03 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրան աջակցող 10 հոգևորականի կողմից ստեղծված Եկեղեցու բարենորոգման խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Շվեյցարիայում հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու բարենորոգման նախաձեռնությանը։

«Ուրախությամբ ողջունում ենք Շվեյցարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի կարևոր որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության մեր հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին:

Հայր Գուսանի վճռական քայլով մեկ անգամ ևս վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է, որն անմիջականորեն մեր պետական և ազգային շահերից է բխում և միտված է վերականգնելու եկեղեցին իր բուն առաքելության մեջ: Կամայական կառավարման արդյունքում եկեղեցու մեկուսացումը պետությունից և ժողովրդից որևէ աղերս չունի մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության, Նրա Սրբազան Ավանդության և ժողովրդավար ոգու հետ:

Ջերմ սիրով ողջունելով hայր Գուսանին` մաղթում ենք, որ Տերն օգնական և պահապան լինի նրան՝ իր հոգևոր ծառայության այս կարևոր հանգրվանին։ Առաջիկա պատեհ առիթով Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի նիստին։ Վստահ ենք, որ Հայր Գուսանի ազնիվ և կամային դրսևորումը ներշնչող օրինակ կդառնա մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ մյուս սպասավորների համար նույնպես։ Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,- ասված է հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment