Փաշինյան․ ՀԱԵ Բարենորոգման խորհուրդն անցկացրել է առաջին նիստը, կայացվել են անհրաժեշտ որոշումներ

Փաշինյան․ ՀԱԵ Բարենորոգման խորհուրդն անցկացրել է առաջին նիստը, կայացվել են անհրաժեշտ որոշումներ

8 հունվարի 2026 – 10:15 AMT

PanARMENIAN.Net – Տեղի է ունեցել ՀԱԵ Բարենորոգման խորհրդի առաջին նիստը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետեւ Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները»,-նշել է վարչապետը։

Նա նշել է, որ Խորհուրդը կարևորել է, որ այս գործընթացը ձևավորվի հանրային վստահության, թափանցիկության, ներառականության և պատասխանատվության սկզբունքների վրա՝ առանձնացնելով հոգևորականների և աշխարհականների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ Խորհուրդն աջակցություն է հայտնել Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշմանը՝ միանալու Եկեղեցու Բարենորոգման հռչակագրին ու ուղենշված ճանապարհային քարտեզին։ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը նախատեսում է մասնակցել Խորհրդի նիստին՝ Առաջիկա պատեհ առիթով։

«Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները և կայացվել են անհրաժեշտ որոշումներ»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին հանգստի կոչելու պահանջով հավաքվելու կոչ արած 10 եպիսկոպոսները դեկտեմբերի 18–ին Էջմիածնում հանդես են եկել հայտարարությամբ և արագ հեռացել։ Միևնույն ժամանակ Մայր Տաճարի ներսում ընթանում էր ժամերգությունը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությամբ։

«Սուրբ Էջմիածնի առջև ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով, սակայն հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր ու աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երեկեղեցու պայծառության և մեր երկրի շինությանը»,–ասել է Գարեգին Բ–ն։

Leave a Comment