Երևանում խցանումների խնդիրը աստիճանաբար դառնում է մեծագույններից մեկը։ Հատկապես տոնական օրերին, երբ քաղաքում երթևեկությունը կտրուկ ավելանում է՝ պայմանավորված գնումներով, այցելություններով ու միջոցառումներով, խնդիրը առավել սրվում է։
Թեև քաղաքային իշխանությունները պարբերաբար հայտարարում են ձեռնարկվող քայլերի և իրավիճակի վերահսկելի լինելու մասին, անհայտ է՝ արդյոք այդ միջոցառումները բավարա՞ր են, և իրականում հնարավո՞ր է լուծել խցանումների հարցը։
Մայրաքաղաքի տրանսպորտային ճգնաժամի խորացումը նաև պայմանավորված է ավտոմեքենաների թվի շարունակական աճի պատճառով։
Քաղաքապետարանի տվյալներով՝ 2025 թվականի աշնան սկզբին Հայաստանում գրանցված է գրեթե 954 հազար տրանսպորտային միջոց, որոնցից ավելի քան 343 հազարը՝ Երևանում։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում ավտոմեքենաների թիվն աճել է շուրջ 12 հազարով։ Բացի այդ, 2025 թվականին մարդատար ավտոմեքենաների ներմուծումն աճել է ավելի քան 60 տոկոսով, իսկ երկիր են ներմուծվում նաև զգալի քանակությամբ էլեկտրամոբիլներ։
Armenia Today-ը քաղաքացիներին հարցրել է՝ տեղական իշխանությունը որքանո՞վ է կարողանում կառավարել իրավիճակը, և տոնական օրերին հատկապես ո՞ր երեք խնդիրների լուծումն է առաջնային։
Հարցվածների մի մասը պնդել է, որ խցանումների խնդիրն արդեն լուծել հնարավոր չէ, քանի որ ավտոմեքենաների քանակը բավականին շատ է։
«Այս քաղաքային իշխանությունը ոչինչ չի կարողանում անել», – ասեկ է քաղաքացիներից մեկը։
Հարցման մեկ այլ մասնակցի խոսքով էլ՝ քաղաքապետարանը նորմալ չի աշխատում. «Անգրագետներին հավաքել է գլխին, ո՞վ պետք է աշխատի։ Նախ մեքենաների քանակը պետք է վերահսկել, տարեկան քանի՞ մեքենա է մտնում։ Փողոցները հո՞ չեն կարող լայնացնել»։
Քաղաքացիներից ոմանք էլ պատասխանել են, որ քաղաքապետարանը բավարար չափով աշխատում է։
«Լուծում են, և կլուծվի էլ, դժվարությունները մարդկանց համար են։ Շատ լավ կլինի։ Տրանապորտը շատացել է և շատ լավ է», – պատասխանել է հարցման մասնակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
