Google DeepMind-ը և Boston Dynamics-ը Gemini-ը ինտեգրում են մարդանման Atlas ռոբոտներում

Google DeepMind-ը և Boston Dynamics-ը CES 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում հայտարարել են ռազմավարական համագործակցության մասին։ Գործընկերության նպատակն է DeepMind-ի Gemini Robotics արհեստական բանականության մոդելի ինտեգրումը Boston Dynamics-ի մարդանման Atlas ռոբոտներում։

Առաջիկա ամիսներին Gemini-ն կտեղադրվի Atlas ռոբոտների վրա, որից հետո դրանք կսկսեն փորձարկվել Hyundai-ի արտադրական գործարաններում։ Հիշեցնենք, որ Hyundai-ը Boston Dynamics-ի մայր ընկերությունն է և ակտիվորեն աշխատում է ռոբոտների արդյունաբերական կիրառման ուղղությամբ։

Atlas-ն արդեն հայտնի է իր ֆիզիկական հնարավորություններով՝ կարողանում է քայլել անհարթ մակերեսներով, պահպանել հավասարակշռությունը, կատարել ակրոբատիկ շարժումներ և նույնիսկ պարել։

Սակայն, ինչպես նշում է Wired-ը, ռոբոտը մինչ այժմ սահմանափակ հնարավորություններ ուներ շրջակա միջավայրը հասկանալու և անծանոթ առարկաների հետ աշխատելու հարցում։ Հենց այստեղ էլ գործի է դրվում Gemini Robotics-ը։ Մոդելը ուսուցանված է իրական աշխարհի բազմազան տվյալների վրա և նախատեսված է ռոբոտների համար՝ համադրելով տեսողական ընկալումը, տարածական մտածողությունը և գործողությունների պլանավորումը։

Սա թույլ կտա Atlas-ին՝

  • ավելի լավ ընկալել իր շրջապատը,
  • կողմնորոշվել նոր և փոփոխվող միջավայրերում,
  • ընտրել համապատասխան գործիքներ տարբեր առաջադրանքների համար,
  • աշխատել անծանոթ առարկաների հետ առանց նախապես ծրագրավորման։

Բացի այդ, Atlas-ը կստանա լիարժեք ինքնավարության կարևոր հնարավորություն․ ռոբոտը կկարողանա ինքնուրույն փոխել իր մարտկոցները, ինչի շնորհիվ կաշխատի առանց մարդու մշտական միջամտության։

Ավելի վաղ Google DeepMind-ի ղեկավար Դեմիս Հասաբիսը հայտարարել էր, որ ապագայում Gemini-ն պետք է վերածվի «օպերացիոն համակարգի ռոբոտների համար», որը կկարողանա աշխատել տարբեր տեսակի ռոբոտների հետ՝ անկախ դրանց կառուցվածքից կամ «մարմնի կոնֆիգուրացիայից»։

Մասնագետների գնահատմամբ՝ այս համագործակցությունը կարող է դառնալ կարևոր քայլ դեպի խելացի, ճկուն և լայնորեն կիրառելի մարդանման ռոբոտների ստեղծում, որոնք կօգտագործվեն ոչ միայն գործարաններում, այլև լոգիստիկայի, սպասարկման և ապագայում՝ կենցաղային միջավայրում։

Leave a Comment