Հալեպում մարտերի պատճառով զոհերի և տեղահանվածների թիվն աճել է – Armenia Today

Հալեպում ավելի քան 45,000 մարդ ստիպված է լքել իրենց տները Սիրիայի կառավարական ուժերի և քրդամետ «Սիրիական դեմոկրատական ​​ուժեր» (SDF) կոալիցիայի միջև մարտերի սկսվելուց ի վեր, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հալեպի սոցիալական հարցերի վարչությանը։

Սիրիայի կառավարական ուժերի և SDF-ի միջև մարտերը սկսվել էին հունվարի 6-ին։ Գործակալության տվյալներով՝ գիշերը հարաբերական դադարից հետո, հունվարի 7-ին վերսկսվել են հրետակոծությունները, որոնք ուժգնացել են կեսօրին և երեկոյան մարել։ Հալեպի առողջապահության վարչության տվյալներով՝ հունվարի 7-ին բախումների սկսվելուց ի վեր զոհվել է չորս խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 20-ը՝ վիրավորվել։

ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Հալեպում հրետակոծությունից զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 5-ի, ևս 31-ը՝ վիրավորվել է։ Սիրիական բանակը Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդերի կողմից վերահսկվող թաղամասերում գտնվող ռազմական դիրքերը հայտարարել է «օրինական ռազմական թիրախներ»։

Երկու սիրիական աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ քաղաքում «մեծ ռազմական գործողություն» են սպասում։ Միևնույն ժամանակ, Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական վարչակազմի խոսնակ Իլհամ Ահմեդը գործակալությանը հայտնել է, որ հակամարտության լարվածությունը թուլացնելու համար միջազգային միջնորդական ջանքեր են գործադրվում: Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրավիճակի կարգավորման գործում միջնորդում է Միացյալ Նահանգները:

Հալեպում հունվարի 6-ին իրավիճակը կտրուկ սրվել էր, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ էին հնչել, որոնք երեկոյան ինտենսիվ շարունակվել էին, կիրառվել էր հրետանի։ Քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։

Ազգային առաջնորդարանի դիվանն ավելի վաղ հայտնել էր, որ բախումներ են սպասվում, և հայերին կոչ էր արել ապաստանել եկեղեցում: Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել էր, որ կշարունակի գործունեությունը քաղաքում:

Հալեպում Սիրիայի ժամանակավոր կառավարության և քրդերի միջև բախումներ տեղի էին ունեցել նաև 2025 թվականի դեկտեմբերին: Սիրիայի հայ համայնքը հորդորել էր Հալեպի հայությանն անվտանգության նկատառումներից ելնելով տներից դուրս չգալ։ Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։

Leave a Comment