ԱՄՆ-ն «ստվերային նավատորմի» ևս մեկ լցանավ է առգրավել

Քաղաքականություն

07.01.2026 | 21:41

ԱՄՆ Հարավային հրամանատարությունը հայտնել է, որ Կարիբյան ծովում «լուսաբացից առաջ իրականացված գործողության» ժամանակ կալանավորել է պատժամիջոցների տակ գտնվող «ստվերային նավատորմի» ևս մեկ լցանավ, գրում է Meduza-ն։

Զինվորականների տվյալներով՝ «Սոֆիա» անունով լցանավը, որը «պետական պատկանելություն չունի», գտնվել է միջազգային ջրերում և զբաղվել է անօրինական գործունեությամբ։

ԱՄՆ առափնյա պահպանությունն ուղեկցում է լցանավին՝ դրա ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։

Reuters-ի աղբյուրների համաձայն՝ նավը երթևեկել է Պանամայի դրոշի ներքո։ Նրանց պնդմամբ՝ լցանավը լքել է Վենեսուելայի ջրերը հունվարի սկզբին՝ որպես վենեսուելական նավթը Չինաստան տեղափոխող «ստվերային նավատորմի» մաս։ Սակայն CBS News-ի երկու աղբյուրներ պնդում են, որ նավը երթևեկել է Կամերունի դրոշի ներքո։

Հասկանալի չէ՝ արդյո՞ք լցանավը կապված է Ռուսաստանի հետ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հայտարարության մեջ այն հիշատակվում է ռուսական դրոշի ներքո նավարկող Bella 1 (Mariner) նավթատարի հետ միասին, որը նույնպես առգրավվել էր ԱՄՆ ուժերի կողմից Ատլանտյան օվկիանոսում։

Պանամայի դրոշի ներքո նավարկող «Սոֆիա» անունով լցանավն ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել 2025 թվականի հոկտեմբերի 1-ին։

ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից այդ ժամանակ սահմանված սահմանափակումների ցանկում ներառված էին ռուսական և վենեսուելական նավագնացության ընկերություններ ու մի շարք նավեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment